211652_close_icon
views-count4337 դիտում article-date 19:46 22-05-2020

Ոստիկանապետի հանձնարարականով անլուր և հանկարծակի ստուգումներ՝ ոստիկանության բաժիններում. խախտումներ են բացահայտվել

Հանցագործությունների եւ վարչական իրավախախտումների նախականխման, կանխման, խափանման, թարմ հետքերով բացահայտման, հակաիրավական արարքների արագ եւ օպերատիվ արձագանքման, արտաքին ծառայությունների աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու, պահպանվող օբյեկտներում կարգապահության եւ անցագրային ռեժիմի պահպանության աշխատանքներում ծառայողների զգոնության բարձրացման նպատակով՝ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարականի հիման վրա ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության օպերատիվ ապահովման բաժնի ծառայողները 2020 թվականի մայիսի 14-ից սկսած` անլուր եւ հանկարծակի ստուգումներ են իրականացնում ՀՀ ոստիկանության տարածքային եւ մասնագիտացված ստորաբաժանումներում, ծառայության վայրերում: Մասնավորապես, ստուգումներ են իրականացվել ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Արաբկիրի, Քանաքեռ-Զեյթունի, Նոր Նորքի, Մաշտոցի, Մալաթիայի բաժիններում, ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի եւ Արմավիրի բաժինների օպերատիվ վերակարգերում, համայնքային ոստիկանության հենակետերում, հերթապահ մասերում: Ստուգվել են պարեկապահակետային, գիշերային շրջիկ ծառայությունները, ոստիկանության բաժինների պատշաճ պահպանությունը, հաշվեցուցակային զենքի կրման կանոնները եւ ճանապարհային ոստիկանության կարգախմբերի ծառայությունները: Հայտնաբերվել են մի շարք խախտումներ եւ թերացումներ, որոնց կապակցությամբ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ նշանակվել են ծառայողական քննություններ եւ ուսումնասիրություններ: Օպերատիվ վերակարգերը, շրջիկ եւ հերթապահ ծառայությունները կատարում են ոստիկանության առջեւ դրված այնպիսի կարեւոր գործառույթներ, ինչպիսիք են մարդու անվտանգության, հանցագործությունների ու վարչական իրավախախտումների նախականխման, կանխման եւ խափանման, հասարակական կարգի պահպանության եւ հասարակական անվտանգության, սեփականության բոլոր ձեւերի հավասար պաշտպանությունը, ուստի պարբերաբար ստուգումների նպատակն է՝ մշտապես զգոն պահել ոստիկանության ծառայողներին իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս: Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը հետեւողական է հայտնաբերելու եւ կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործառութային պարտականությունների կատարման մեջ թերացած ոստիկանության ծառայողներին: [b]ՀՀ ոստիկանություն[/b]

Նմանատիպ նյութեր