հիմնական կայք
Լրահոս

Չեխիայի խորհրդարանի երկու պալատները ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը

Չեխիայի խորհրդարանի երկու պալատները ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը Մայիսի 20-ին Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատը լիագումար նիստում միաձայն ընդունեց /Սենատի փոխնախագահ Միլան Շտյեխի կողմից ներկայացված/ բանաձև, որը նվիրված էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին և երկու աշխարհամարտերի ընթացքում մարդկության դեմ գործած ոճրագործությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության դատապարտմանը։


Այսպիսով Չեխիայի խորհրդարանի երկու պալատները ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը:
Չեխիայի Սենատի ընդունած բանաձևը գալիս է ևս մեկ անգամ ապացուցելու, որ մարդկության դեմ ոճիրները վաղեմության ժամկետ չունեն: 105 տարի անց ևս միջազգային հանրությունը հիշում է Հայոց ցեղասպանությունը՝ մարդկության պատմության ամենաողբերգական էջերից մեկը և տալիս արժանի գնահատական:

Փաստաթուղթը կյանքի կոչվեց Չեխիայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահներ Միլան Շտյեխի և Միլուշե Հորսկայի, ինչպես նաև Սենատի մյուս անդամների հետևողական և սկզբունքային գործունեության արդյունքում:

Հայոց ցեղասպանության հիմնահարցը մշտապես եղել է հայ-չեխական միջխորհրդարանական օրակարգի անկյունաքարերից։ Օրենսդիր մարմինների նախագահների, ինչպես նաև խորհրդարանական բարեկամական խմբերի միջև ձևավորված արդյունավետ համագործակցության արդյունքում արգասավոր քննարկումների հարթակ է ստեղծվել՝ իր կարևոր ձեռքբերումներով։

Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն անհրաժեշտ է ոչ միայն ճշմարտության և պատմական արդարության վերականգնման ու ժխտողականության վտանգավոր քաղաքականության դեմ պայքարի համար, այլ նաև կրոնական և էթնիկ պատկանելության հողի վրա կատարվող հանցագործությունների կանխարգելման, մարդու իրավունքների համընդհանուր պաշտպանության համար:

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք