211652_close_icon
views-count1723 դիտում article-date 21:05 22-05-2020

Մայիսի 22-ը կենսաբազմազանության միջազգային օրն է

Մայիսի 22-ը կենսաբազմազանության միջազգային օրն է։ 2000 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մայիսի 22-ը հռչակել է որպես կենսաբազմազանության միջազգային օր։ Հայաստանը տիպիկ լեռնային երկիր է, որտեղ լանդշաֆտները և էկոհամակարգերը կազմում են բարդ բազմաֆունկցիոնալ համակարգ, որոնք նպաստում են հարուստ և ինքնատիպ կենսաբազմազանության ձևավորմանը: Կենսաբազմազանության տեսակային կազմի առատությանը նպաստում է նաև այն հանգամանքը, որ Հայաստանը գտնվում է տարածաշրջանի բուսական և կենդանական աշխարհների ձևավորման կարևոր մարզերի հանգուցակետում, ինչպես նաև հանդիսանում է միգրացվող կենդանիների և չվող թռչունների տարանցիկ ճանապարհների խաչմերուկ: Հայաստանում աճում են շուրջ 3800 տեսակի անոթավոր բույսեր, 428` հողային և ջրային ջրիմուռներ, 399` մամուռներ, 4207` սնկեր, 464` քարաքոսեր, բնակվում են 549 ողնաշարավոր և շուրջ 17200 տեսակի անողնաշարավոր կենդանիներ: Հայաստանը հայտնի է նաև մշակաբույսերի վայրի ցեղակիցներով (252 տեսակ), որի շնորհիվ համարվում է վայրի ցորենի, աշորայի, գարու և այծակնի տեսակների պահպանման գլոբալ կենտրոն, որտեղից շատ տեսակներ հետագայում տարածվել են ամբողջ աշխարհով: Հայաստանի Հանրապետության անտառածածկի մակերեսը կազմում է 332.333 հա կամ ՀՀ ընդհանուր տարածքի մոտ 11.17 %-ը: Հարկ է նշել, որ կենսաբազմազանության կորուստները, ինչպես նաև էկոհամակարգային ծառայությունների փոփոխությունները շատ դեպքերում միայն մեկ գործոնի արդյունք չեն, այլ համալիր ներգործությունների հետևանք են: Անտառային էկոհամակարգերը, արոտավայրերը և Սևանա լիճը, որպես կարևոր էկոհամակարգային ծառայություններ տրամադրող լանդշաֆտներ, նպաստում են երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը և բնակչության բարեկեցության ապահովմանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր