211652_close_icon
views-count678 դիտում article-date 10:52 22-05-2020

Մի քանի բոցաշունչ ելույթով 20 տարվա մեխանիզմը հնարավոր չէ կոտրել․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Հայաստանի (ինչպես նաև ցանկացած այլ երկրի) իշխանությունների ընդդիմախոսները պարբերաբար տարածում են քարոզչական առասպելներ, որոնք կոչված են առաջացնել կամ ամրապնդել ժողովրդական լայն զանգվածների բացասական վերաբերմունքը տվյալ իշխանության հանդեպ: Դասական օրինակ. իբր Ֆրանսիայի թագուհի Մարի-Անտուանետն ասել է. «Եթե ժողովուրդը հաց չունի ուտելու, թող կարկանդակներ ուտի»: (Առասպելի հեղինակը ոչ ավելի, ոչ պակաս՝ ֆրանսիացի մեծ փիլիսոփա Ժան-Ժակ Ռուսսոն է): Եթե անդրադառնանք Հայաստանում վերջին շրջանում տարածված առասպելներին, կարող ենք հիշել «Սաշիկի 50/50-ը» կամ «ապրիլյան պատերազմի ժամանակ բահերի կոթերով կռվելը»: Հիմա եկել է ներկա իշխանության մասին հեքիաթներ հորինելու ժամանակը: Ընդդիմադիրների համար պահն, իհարկե, հարմար է՝ կորոնավիրուսի տարածման աճող տեմպը, դրա սոցիալական և տնտեսական հետևանքները օբյեկտիվ հիմքեր են ստեղծում քարոզչությունն ակտիվացնելու համար: Բազմաթիվ առասպելներից առանձնացնեմ երեքը: 1/ Իշխանությունը երկարաձգում է արտակարգ դրությունը՝ հանրաքվե չանելու համար: Ինձ թվում է, ակնհայտ է՝ եթե այս պահին հանրաքվե անցկացվի, բնակչության մեծամասնությունը, ելնելով նախորդ իշխանության հանդեպ բացասական հույզերից, «այո» կասի: Այլ հարց է, թե որքանով է ողջամիտ օգտագործել նման հույզերը և ընդհանրապես նախաձեռնել այս ողջ գործընթացը: 2/ Իշխանությունը երկարաձգել է արտակարգ դրությունը՝ Հայաստանում քաղաքական գործունեությունը սահմանափակելու համար: Դա պարզապես անհնար է. մոտավորապես 2011-12 թվականներից սահմանափակելու գործիքներն այլևս չեն աշխատում: 3/ Իշխանությունը չափազանցնում է կորոնավիրուսով վարակվածների թիվը: Դա նույնպես անհեթեթ պնդումների շարքից է, որի հիմքում է դավադրությունների տեսությունը՝ «էս սաղ կորոնավիրուսը սուտ է, Սորոսն ու Բիլ Գեյթսն են հորինել, որ փող աշխատեն»: Իրականում վարակվածների բարձր թիվն ուղղակի հարվածում է իշխանությունների վարկին: Հեքիաթներ հորինելն, իհարկե, կարող է որոշակի օգուտներ բերել դրանց տարածողներին, եթե հեքիաթները համոզիչ են շարադրված, հաճախ են կրկնվում և համապատասխանում են «միջին թվաբանական զանգվածի» հույզերին: Դրանք, սակայն, խանգարում են այն առումով, որ շեղում են մարդկանց ուշադրությունը իրական խնդիրներից և իշխանության իրական սխալներից: Օրինակ՝ որ ներկայիս իշխանությունը, մեղմ ասած, որևէ հաջողություն չի գրանցել նույն կորոնավիրուսի դեմ պայքարում: Ի դեպ, նույնը կարող ենք ասել կոռուպցիայի մասին. դրա առկայությունը պայմանավորված չէ այս կամ այն պաշտոնյայի պարկեշտությամբ կամ կամքով: Կոռուպցիան համակարգ է, որը 1998 թվականից սկսած կառուցվել է բարձրագույն իշխանության և օլիգարխիայի նպատակաուղղված ջանքերով, իսկ մի քանի տարի անց դարձել է «յուղած», մշտապես գործող մեխանիզմ: Մի քանի բոցաշունչ ելույթով 20 տարվա մեխանիզմը հնարավոր չէ կոտրել»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր