հիմնական կայք
Լրահոս

Մեկօրյա նշանակության թեմաները բոլոր կողմերից հիմնովին ծամծմվում են, հետո արագ մոռացվում․ «Առավոտ»

Մեկօրյա նշանակության թեմաները բոլոր կողմերից հիմնովին ծամծմվում են, հետո արագ մոռացվում․ «Առավոտ» «Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Հայաստանում այս պահին ամենահրատապ թեմաներն են


1/ կորոնավիրուսի տարածումը և դրա հետ կապված առողջապահական ճգնաժամի սպառնալիքը,


2/ Արցախ-Ադրբեջան շփման գծում ակտիվ մարտական գործողությունների վերսկսման վտանգը,

3/ Ռուսաստանի հետ հարաբերություններում առաջացած որոշակի խնդիրները և դրանից, մասնավորապես, բխող գազի հնարավոր թանկացումը: Սրանք լուրջ մարտահրավերներ են, որոնց հնարավոր է դիմակայել բոլոր քաղաքական և հասարակական ուժերի համախմբմամբ:

Բայց ֆեյսբուքի ժապավենը բացելիս տեսնում ես, որ այդ ճակատագրական հարցերի մասին գրեթե չի խոսվում: Ի հայտ են գալիս «մեկօրյա նշանակության» թեմաներ, որոնք բոլոր կողմերից հիմնովին ծամծմվում են, հետո արագ մոռացվում, երբեմն էլ նորից ինչ-ինչ նկատառումներով հրապարակ են նետվում: Այդպիսի թեմաներից է օրինակ «սահմանադրական ճգնաժամը»: Հասկանում եմ, որ իշխանությունը մտասևեռում ունի՝ պատժելու Հրայր Թովմասյանին և նրա որոշ գործընկերներին, որոնք մի քանի ամիս առաջ Քոչարյանի հարցով «սխալ որոշում» են կայացրել: Առանձնապես ափսոսանք չեմ զգա, երբ այդ դատավորները կգնան թոշակի: Բայց մի՞թե նրանց հարցն այնքան հրատապ է, որ հնարավոր չէ 3 ամիս, կես տարի կամ թեկուզ մեկ տարի համբերել:

Սակայն կան է՛լ ավելի ոչ հրատապ թեմաներ՝ դիցուք «Զվարթնոց» օդանավակայանը Շարլ Ազնավուրի անունով անվանակոչելը: Օդանավակայանը հաստատ չի փլվի, եթե այդ հարցին անդրադառնանք ավելի հանգիստ պայմաններում, երբ գոնե կորոնավիրուսի հարցն արանքից դուրս կգա: Որովհետև ենթադրում եմ, որ իմ նշած երկրորդ և երրորդ խնդիրները պատմական տեսանելի ապագայում որևէ ձևով չեն հանգուցալուծվելու և ծանրանալու են ոչ միայն այս, այլև հաջորդ կառավարությունների, մեր երեխաների և թոռների ուսերին:

Իհարկե, «ամենահետաքրքիր» թեման է, թե ով ինչ է ֆեյսբուքում գրում: Այդ նյութը կարելի քննարկել օրական 24 ժամ: Մասնավորապես, բանավիճել այն թեմայով, թե ով է ավելի անզուսպ, մարգինալ և ոչ ադեկվատ: Այդպիսիք, անշուշտ, կան բոլոր ճամբարներում, ինչպես նաև՝ ճամբարներից դուրս: Պարզապես փոքր-ինչ անբնական է, երբ իշխանության ներկայացուցիչները, որոնց բառապաշարը նույնպես ծանրաբեռնված չէ էթիկական նորմերով, սկսում են դասախոսություններ կարդալ խոսքի մշակույթի մասին:

Բայց, կրկնեմ, այս պահին, երբ օրական հարյուրավոր մարդիկ վարակվում են և մի քանի հոգի է մահանում, ֆեյսբուքյան փոխադարձ կսմիթները կարևոր չեն: Գուցե արժե մի փոքր լրջանալ»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք