հիմնական կայք
Լրահոս

Հենրիխ Մխիթարյան. Հայկական ֆուտբոլում շատ բաներ եմ տեսնում, որ սխալ է, բայց նաև լավն եմ տեսնում

Հենրիխ Մխիթարյան. Հայկական ֆուտբոլում շատ բաներ եմ տեսնում, որ սխալ է, բայց նաև լավն եմ տեսնում Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հայաստանում Իտալիայի դեսպանատան նախաձեռնությամբ կազմակերպված հարցազրույցի ընթացքում խոսել է նաև այն մասին, թե ինչ է անհրաժեշտ Հայաստանին՝ երազանքների մակարդակի թիմ ունենալու համար, հայտնում է Armsport.am-ը:


-Մի անգամ Միշել Պլատինիին հարցրին, թե ինչ է անհրաժեշտ ֆուտբոլային լավ թիմ ունենալու համար, նա ասաց, որ միայն 3 բան է անհրաժեշտ՝ փող, փող և էլի փող: Ի՞նչ ես կարծում, էլ ի՞նչ է պետք օրինակ Հայաստանին՝ երազանքների՝ Չեմպիոնների լիգայի մակարդակի թիմ ունենալու համար: Ի՞նչն ենք մենք սխալ անում:

-Ես ինքս շատ բաներ եմ տեսնում, որ սխալ է: Բայց նաև լավն եմ տեսնում: Շատ դժվար է խոսել այն բաների մասին, որտեղ դու չկաս, նկատի ունեմ՝ ես մարզիչ չեմ, ակադեմիայում չեմ ու չեմ տեսնում, թե ինչ տիպի աշխատանք են նրանք տանում այնտեղ: Չեմ տեսնում, թե երեխաներն ինչպես են մարզվում, ինչ փիլիսոփայությամբ: Իհարկե, փողը տարբերություն է մտցնում, իհարկե փողով կարող ես ավելին կառուցել, ավելիին հասնել:

-Բացի փողից նշեցիր փիլիսոփայությունը: Հետաքրքիր է՝ ո՞րն է քո փիլիսոփայությունն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը դառնալու համար:

-Նախքան իմ փիլիսոփայությունն ունենալը, ես միշտ ունեցել եմ իմ երազանքը: Միշտ իմացել եմ, թե ուր եմ ցանկանում գնալ և ինչ եմ ցանկանում անել: Հորս շնորհիվ եմ դարձել ֆուտբոլիստ ու շատ շնորհակալ եմ, որ հենց այս մարզաձևն եմ ընտրել, քանի որ ինձ չեմ տեսնում առանց ֆուտբոլի: Իմ առաջին օրվանից երազել եմ խաղալ եվրոպական լավագույն թիմերում ու առաջնություններում: Ես կատարել եմ երազանքս, ինչպե՞ս՝ քրտնաջան աշխատելով, ու իմ տաղանդն աշխատասիրությանը միախառնելով:

Հեշտ չէ, բայց երբեմն պետք է զոհողությունների գնաս՝ այս ամենին հասնելու համար: Իմ փիլիսոփայությունը շատ պարզ էր՝ քրտնաջան աշխատել, հավատալ սեփական ուժերիդ, երբեք չհանձնվել: Պետք է մտածես, որ գտնվում ես թունելում, տեսնում ես լույսն ու քայլում ես դեպի այդ լույսը:

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք