211652_close_icon
views-count5326 դիտում article-date 15:06 17-05-2020

Մնացեք տանը, թանգարանը... կգա տուն. ինչպես ենք նշելու Թանգարանների միջազգային օրը

«Թանգարանները հանուն հավասարության. բազմազանություն եւ ներառականություն». մի քանի օրից ահա այս կարգախոսի ներքո ամբողջ աշխարհը կնշի թանգարանների միջազգային օրը։ Անցած տարի այս օրերին թանգարաններում արդեն նախապատրաստական անսովոր եռուզեռ էր։ Հիմա էլ է աշխուժություն, բայց վիրտուալ տիրույթում։ Տոնն առաջին անգամ բոլորս նշելու ենք անսովոր պայմաններում։ Այցելուների հետ կապը պահելու համար Թանգարանների միջազգային խորհուրդը (ԻԿՕՄ) թանգարաններին խորհուրդ է տալիս միջոցառումներն ակտիվորեն անցկացնել առցանց հարթակներում, օրինակ՝ հանրահռչակելով ցուցանմուշները։ Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված մշակութասերների սիրելի տոնը՝ «Թանգարանային գիշեր» համաեվրոպական ակցիան, որը սովորաբար անցկացվում էր թանգարանների միջազգային օրվան նախորդող կամ հաջորդող օրը, այս տարի պայմանականորեն տեղափոխվել է նոյեմբերի 14—ին։ «Թանգարանների միջազգային օրն ամեն տարի նշվում է մայիսի 18—ին։ Միջազգային ակցիան Ֆրանսիայի մշակույթի նախարարության նախաձեռնությունն է, որն իրականացվում է ԻԿՕՄ—ի հովանու ներքո։ Քանի որ համավարակով պայմանավորված թանգարաններն այցելուների համար փակ են, իսկ ակցիայի նպատակը հենց այցելուներին թանգարանային ցուցանմուշներին հաղորդ դարձնելն է, ուստի որոշում է կայացվել թանգարանային գիշերն անցկացնել նոյեմբերի 14—ին»,– «ՀՀ»—ի հետ զրույցում ասաց «ԻԿՕՄ Հայաստանի» ազգային կոմիտեի նախագահ Անի Ավագյանը։ Այդուհանդերձ, միջազգային օրը չի չեղարկվել։ ԻԿՕՄ—ը հակառակը՝ խրախուսում է թանգարաններին ավելի ակտիվ աշխատելու վիրտուալ հարթակներում, հանդես գալու տարբեր նախաձեռնություններով, իսկ այցելուներին էլ հորդորում է՝ ավելի ակտիվ մասնակցություն ունենալ օնլայն տիրույթում կազմակերպվող միջոցառումներին։ «Թանգարանների միջազգային օրը տարվա կտրվածքով ամենամասշտաբային միջոցառումն է։ Այդ օրը սովորաբար թանգարան է այցելում այնքան մարդ, որքան ամբողջ տարվա ընթացքում։ Այս տարի սա չի լինի, բայց որպեսզի այցելուները չմոռանան թանգարանները, ԻԿՕՄ—ը այս տարի մի շարք խորհուրդներ է տալիս։ Դրանք մասնավորապես ուղղված են թանգարանների աշխատողներին»,– ասում է Ա. Ավագյանը։ Ի՞նչ անել համացանցում՝ այցելուների հետ կապը չկորցնելու համար։ Օրինակ, ԻԿՕՄ—ը խորհուրդ է տալիս թանգարանների աշխատողներին փոքրիկ տեսաուղերձներ անել, հանդես գալ թեմատիկ խոսքով, «կենդանացնել» թանգարանային առարկաները՝ լուսանկարելով եւ տարածելով, կազմակերպել կրթական ծրագրեր եւ այլն։ «Տեսաուղերձները կարող են լինել հավաքածուների մասին։ Ես կարող եմ իմ գործընկերներին կամ մեր թանգարանի այցելուներին տանը մնալու ոգեւորող ուղերձներ հղել։ Կարանտինով պայմանավորված՝ եվրոպական թանգարաններն ավելի շուտ սկսեցին այս նախաձեռնությունները»,–նկատում է զրուցակիցս։ Նոյեմբերին որոշված օրը դեռեւս հստակ չէ, սա պայմանական օր է, ԻԿՕՄ—ի եւ Ֆրանսիայի մշակույթի նախարարության նախնական կանխատեսումներն են։ Թանգարաններին այս պահին խորհուրդ է տրվում փակ լինել, որպեսզի մարդիկ չայցելեն, չվարակվեն ու չվարակեն։ «Նախանական օր է նշանակվել նոյեմբերի 14—ը, սակայն, կախված իրավիճակից, հնարավոր է նաեւ օրը փոխվի»,–հավելեց Ա. Ավագյանը։ Նա նաեւ տեղեկացրեց, որ մայիսի 20—ին տեղի է ունենալու վեբինար խորհրդի անդամների հետ, որին մասնակցելու են ոլորտի հայտնի մասնագետներ։ Նրանք կխոսեն կարանտինային պայմաններում թանգարանների ներգրավվածության մասին, կամփոփեն թանգարանների միջազգային օրը, որպեսզի հասկանան, թե քանի այցելու են ունեցել, եւ այլն։

Նմանատիպ նյութեր