688 դիտում
17:48 14-05-2020
Հաղթանակներ ռազմաճակատում և օլիմպիական խաղերում
Օրերս տոնեցինք Շուշիի ազատագրման և երկրորդ համաշխարհայինում մեր ժողովրդի տարած հաղթանակները։ Այդ գործում զգալի ավանդ են ունեցել նաև մարզաշխարհի մարդիկ, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Հարկ է թարմացնել հիշողությունը երկրորդ համաշխարհայինի մասին, քանզի մեր ժողովրդի բազմաթիվ զավակներ հերոսացել, իրենց անունները ոսկե տառերով են գրել հաղթանակի անջնջելի պատմագրքում։ Օլիմպիական խաղերի պատմությունում ԽՍՀՄ մարզական պատվիրակությունը առաջին անգամ հանդես եկավ Հելսինկիում՝ 1952թ․։ Սա մեզ համար կարևոր է այնքանով , որ ստուգատեսում դրվեց նաև Հայաստանի մարզիկների հաջողությունների հիմքը։ Ընդհանրապես մեծ մրցասպարեզներում մեր առաջին ծիծեռնակը եղել և մնում է հայրենական սպորտի նահապետ, Հելսինկիից երկուական ոսկե և արծաթե մեդալով հայրենիք վերադարձած մարմնամարզիկ Հրանտ Շահինյանը։
Երկրորդ համաշխարհայինում տարած հաղթանակը կարևոր նշանակություն ունեցավ խորհրդային սպորտի համար , քանզի դրանից հետո ԽՍՀՄ-ը մտավ օլիմպիական ընտանիք:
1952-ին սովետական մարզիկները, որոնց շարքում կային նաև ռազմագծի բազում մարտիկներ, մասնակցեցին 15 –րդ օլիմպիական խաղերին: Նորամուտը հաղթական էր:
Ֆինլանդիա էին մեկնել աշխարհի 69 երկրների 4925 մարզիկ - մարզուհիներ: Մրցումներն անցկացվեցին հուլիսի 19-ից օգոստոսի 3-ը:
Խորհրդային Միությունը մարզահանդես գործուղեց 295 մարզիկ / 255 տղամարդ և 40 կին /: Տասը միութենական հանրապետությունների ներկայացուցիչներ մասնակցեցին բոլոր մրցաձևերի մրցումներին, բացառությամբ՝ մականախաղի :
Անհնար էր պատկերացնել, որ պատերազմի ընթացքում մեծապես տուժած երկրի հավաքականն անմիջապես կդառնա համաշխարհային սպորտի առաջատարներից մեկը: Այդպես հիմք դրվեց խորհրդային մարզիկների օլիմպիական հաղթանակների փառահեղ պատմությանը: ԽՍՀՄ հավաքականը նվաճեց 71 մեդալ / 22 ոսկե, 30 արծաթե և 19 բրոնզե/ ու մեդալների ոչ պաշտոնական հաշվարկով, ԱՄՆ –ից հետո, գրավեց երկրորդ պատվավոր տեղը։
Սովետների երկրի ընտրանին կոչվում էր ոչ այլ ինչ, քան << առաջնագծի զինվորների թիմ >> : Նրանք պատերազմի դաժան փորձություններից, շրջափակումից, վերքերից, համակենտրոնացման ճամբարների սարսափից փրկված մարդիկ էին , ովքեր գնացել էին պաշտպանելու երկրի պատիվը՝ համաշխարհային սպորտի ասպարեզում: Պատերազմից հետո նրանց հաջողվեց ոչ միայն վերադառնալ իրենց մարզաձևերին, այլև անհավանական նվաճումների հասնել:
Պատերազմի տարիներին բնավորություն ու կամք դրսևորած մարզիկներն իրենց նվաճումներով ոչ միայն փառաբանեցին սպորտը, այլև օրինակ դարձան շատ երիտասարդների համար:
Քաղաքական իրավիճակը ազդեց ֆուտբոլային մրցաշարի մասնակիցների ճակատագրի վրա: ԽՍՀՄ ազգային հավաքականը1/8 եզրափակչում պարտվեց Հարավսլավիայի թիմին: Խաղի ավարտից 15 րոպե առաջ հարավսլավացիները հաղթում էին 5: 1 հաշվով, բայց խորհրդային ֆուտբոլիստները հերոսաբար խաղացին, խփեցին չորս գոլ և հավասարեցրին հաշիվը,որը պահպանվեց նաև լրացուցիչ ժամանակից հետո: Մեկ օր անց, նույն թիմերի մրցամարտում հաղթեց Հարավսլավիայի թիմը ՝ 3: 1: Հնարավոր է այդ պարտությունը մեծ արձագանք չունենար, եթե չլինեին Իոսիֆ Ստալինի և Հարավսլավիայի առաջնորդ Իոսիպ Բրոզ Տիտոյի միջև սրված հարաբերությունները։
Պարտությունից հետո Մոսկվա վերադարձած թիմը կազմալուծվեց, խաղացողներն ու մարզիչները որակազրկվեցին, զրկվեցին բոլոր կոչումներից , պարգևներից և մեղադրվեցին պետության հեղինակությանը լուրջ վնաս պատճառելու համար:
Ի դեպ, Հելսինկիի մարզահանդեսը պատմության մեջ մնաց որպես չավարտված օլիմպիական խաղեր, քանի որ դրանք պաշտոնապես չփակվեցին: ՄՕԿ-ի նախագահ Զիգֆրիդ Էդստրեմը հանդես եկավ ելույթով, բայց մոռացավ այն ավարտին հասցնել օլիմպիական խարտիայով սահմանված բառերով. << 15 –րդ օլիմպիական խաղերը հայտարարում եմ փակված >>:
Նմանատիպ նյութեր
1772 դիտում
22:09 03-03-2016
Ռիոյի Օլիմպիական խաղերում բռնցքամարտիկները հանդես կգան առանց սաղավարտների
3541 դիտում
17:02 08-05-2016
Հայաստանը Ռիոյի օլիմպիական խաղերում կունենա 3 ազատ ոճային ըմբիշ
Այս բաժնից
3961 դիտում
23:34 18-04-2024
Արթուր Դավթյանը դուրս եկավ Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ
898 դիտում
22:06 16-04-2024
19 հայ բռնցքամարտիկներ կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը
862 դիտում
15:08 16-04-2024
Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը