211652_close_icon
views-count3944 դիտում article-date 17:37 12-05-2020

ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների վերադարձի կազմակերպման վերաբերյալ

Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ Վերին Լարսի անցակետը շարունակում է փակված մնալ օտարերկրյա, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների համար: Ներկայումս անցակետում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում վերադառնալ մինչ օրս իրենց բնակության վայրեր, հերթագրվել արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում, որոնց կողմից էլ համակարգվում է վերադարձը Հայաստան: Հայտնում ենք, որ նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված իրադրությունում արտերկրում հայտնված ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Հայաստան իրականացվում է բացառապես պարետատան և ՀՀ ԱԳՆ համակարգմամբ՝ ըստ մշակված ժամանակացույցի և գործողությունների ծրագրի: Նման համակարգված աշխատանքը հնարավորություն է տալիս ապահովել մեր քաղաքացիների տեղափոխման առողջապահական անվտանգությունը և Հայաստանի առողջապահական համակարգի անխափան աշխատանքը: Այս առումով նշենք, որ տարբեր երկրներից մեր քաղաքացիների վերադարձի կազմակերպումը կրում է շարունակական և ծրագրված բնույթ: Պարետատան և ԱԳՆ համակարգումից դուրս անհատական նախաձեռնությունները, որոնք իրականացվում են տարբեր երկրների կողմից ներդրված սահմանափակումների խախտմամբ, կարող են հանգեցնել անվերահսկելի հետևանքների և խաթարել քաղաքացիների տեղափոխման աշխատանքները: Ուստի, կոչ ենք անում արտերկրում գտնվող մեր քաղաքացիներին Հայաստան վերադարձը իրականացնել բացառապես պարետատան և ԱԳՆ համակարգմամբ գործող սխեմայով և ձեռնպահ մնալ անհատական նախաձեռնություններից:

Նմանատիպ նյութեր