հիմնական կայք
Լրահոս

Երևանում՝ Սահմանադրական դատարանի դիմաց, հեծանվով փորձել են վրաերթի ենթարկել ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին

Երևանում՝ Սահմանադրական դատարանի դիմաց, հեծանվով փորձել են վրաերթի ենթարկել ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կատարելու փաստով։


Երեկ՝ մայիսի 11-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Երևանի բնակիչ` 45-ամյա Նիկոլայ Բաղդասարյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 17։00-ից մինչև 17։15-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը հեծանվով մեծ արագությամբ ընթացել է դեպի իր ուղղությամբ, փորձել վրաերթի ենթարկել իրեն, ապա իր հասցեին հնչեցրել է սպառնալիքներ և սեռական բնույթի հայհոյանքներ։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ն. Բաղդասարյանը ոստիկաններին հայտնել է, որ այդ ամենը կապված իր աշխատանքային գործունեության հետ, և դեպքը տեղի է ունեցել Սահմանադրական դատարանի դիմաց։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել են ոստիկանության Արաբկիրի բաժին։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Ն. Բաղդասարյանի մատնանշած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերլու ուղղությամբ։

Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ Ն. Բաղդասարյանը Ազգային ժողովի «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք