211652_close_icon
views-count4474 դիտում article-date 16:36 30-04-2020

Ջազ նվագախմբի անակնկալը՝ Ջազի միջազգային օրվա առթիվ

Ջազի միջազգային օրվա առթիվ Հայաստանի պետական ջազ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ, անակնկալ տեսանյութ է պատրաստել: Պահպանելով համավարակի կանոնները՝ երաժիշտները տեսանյութում կատարում են Արմեն Հյուսնունցի նոր ստեղծագործությունը: Անդրադառնալով Ջազի միջազգային օրվան՝ Արմեն Հյուսնունցը կարևոր է համարում ջազի հանրահռչակման գործում նման տոների առկայությունը: Փաստում է՝ նվագախումբը տարբեր տարիներին մշտապես մասնակցություն է ունեցել տոնի շրջանակում անցկացվող միջոցառումներին, և այս անգամ էլ, հաշվի առնելով ստեղծված արտակարգ իրավիճակը, որոշել են այս կերպ իրենց շնորհավորանքը հղել ջազի սիրահարներին: «Հայկական ջազը մեծ պոտենցյալ ունի: Կարծում եմ՝ պետք է փորձենք այն ամբողջությամբ վեր հանել ու ներկայացնել աշխարհին: Մենք ունենք շատ վառ կատարողներ, երիտասարդ տաղանդավոր սերունդ, ովքեր պարբերաբար հանդես են գալիս թե՛ Հայաստանում, թե՛ երկրի սահմաններից դուրս: Ջազի զարգացման ու կայացման գործում շատ եմ կարևորում նաև Հայաստանում ամենամյա ջազ փառատոնի անցկացումը, որն իսկական երաժշտական տոն է»,-ասում է Արմեն Հյուսնունցը: Ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավարի խոսքով՝ երաժշտախումբը մշտապես ջազ երաժշտությունը լավագույն կերպով ներկայացրել ու ստեղծված իրավիճակի հանգուցալուծումից հետո ներկայացնելու է միջազգային բեմերում՝ ամենահեղինակավոր փառատոնների շրջանակում: Հյուսնունցը փաստում է՝ առաջիկայում բազում հետաքրքիր ծրագրեր են իրականացնելու հանդիսատեսի համար, և ջազ երաժշտությունն է՛լ ավելի մոտեցնելու են ունկնդրին: Նշենք, որ 2011թ. վերջերին ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդունել է բանաձև, համաձայն որի, 2012 թվականից ապրիլի 30-ը նշվելու է որպես Ջազի միջազգային օր: Ջազն ի հայտ է եկել 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին որպես աֆրիկյան և եվրոպական մշակույթների սինթեզ և առ այսօր շարունակում է մնալ երաժշտական արվեստի բացառիկ ձև, որը միավորում է ազգերին, վերացնում սահմանները մարդկանց և պետությունների միջև:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր