211652_close_icon
views-count1040 դիտում article-date 16:49 16-04-2020

Հարություն Բաբայան. Մարզիկները օլիմպիական խաղերի պատմական այս փուլում լուրջ հարված ստացան

Մարդկությունը աղետներ շատ է տեսել։ Հերթական անակնկալը կորոնավիրուսն է ։ Այն չի ճանաչում ազգություն, սեռ, կրոն ու տարածվում է աշխարհով մեկ։ Ահա թե ինչու նորածիններից մինչև խոր ծերություն ապրող մարդիկ հիմնականում փակվում են տանը։ Մեծ դժվարություն է բաժին հասել նաև մարզիկ – մարզուհիներին։ Նրանք օլիմպիական խաղերի պատմական այս փուլում լուրջ հարված ստացան։ Չգիտեմ ուրիշ երկրներում ինչպես, բայց մեր մարզաշխարհի մարդիկ պիտի վերգտնեն իրենց պատրաստականությունը ու լավ մարզավիճակ պահպանեն։ Ամենամեծ խնդիրը անորոշությունը հաղթահարելն է։ Այս պարագայում գլխավորը տեսական, գործնական , մասնագիտական կարողությունները և աշխատանքային հմտությունները գործում ներդնելն է ։ Թեև իրավիճակը սահմանափակել է մարզումային անհրաժեշտ միջոցները , բայց կարելի է տնային, բակային պայմաններում, շենքերի հարակից տարածքներում , այգիներում, զբոսայգիներում, անտառամերձ տարածքներում և այլուր կազմակերպել անհատական մարզումներ՝ պահպանելով հակավիրուսային պահանջներն ու կանոնները։ Հարկ է հեռավար կարգով խորհրդակցել մասնագետների հետ / բժիշկների, հոգեբանների, մանկավարժների , կենսամեխանիկայի մասնագետների / ։ Այսկերպ հնարավոր է ինչ- որ չափով ապահովել մարզիկների ֆիզիկական , տեխնիկական և ֆունկցիոնալ պատրաստականությունը։ Սրանք հիմք են հանդիսանում հոգեբանական արգելքները հաղթահարելու համար։ Այս պարագայում շատ կարևոր է, որ մարզաշխարհի մարդիկ լուծեն ինքնակրթության հարցը / ընթերցանություն, երաժշտություն, մտքի վարժանքներ և իհարկե մարզումներ /։ Այլապես պարապուրդը կխորացնի հոգեկան պատրաստության բաց անկյունները։ Որպես հին ազգ և երբեմնի մեծ տերություն, հայ ժողովուրդը իր ակտիվ մասնակցությունն է բերել օլիմպիական շարժմանը և գաղափարախոսությանը։ Մեր պատվիրակները հաղթանակներ են կերտել անտիկ շրջանից մինչև ժամանակակից օլիմպիական խաղերը։ Ճգնաժամային այս իրավիճակը այնքան սարսափելի չէ, որքան թվում է ։ Բարձրակարգ մարզիկները անձնական փորձով են համոզվել , թե որքան հոգեբանական բարդ վիճակներում են հայտնվել և հաղթանակած դուրս եկել։ Յուրաքանչյուրը թող հիշի իր ստացած մարզական վնասվածքները, կողմնակալ մրցավարությունը, հաղթանակից մեկ քայլ ետ պահած անակնկալ ձախողումները, հաղթանակի բերկրանքից առաջացած հույզերը։ Նաև այդ ամենն են հոգեբանորեն ու բարոյապես կոփել մարզիկներին, այս պարագայում՝ Հայաստանի վարպետներին։ Հենց նրանք պետք է առաջնորդեն մեր հավաքականները , դրսևորեն ազգային արժանապատվություն, հաղթեն ու մեր երկիրը պատվով ներկայացնեն առաջիկա խոշոր մարզահանդեսներում։ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԲԱԲԱՅԱՆ ՀՖԿՍՊԻ սպորտի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ հոգեբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր

Նմանատիպ նյութեր