հիմնական կայք
Լրահոս

Մեկուսացված վիճակում են հայտնվել մարզիկները. նրանք գտնվում են առավել խոցելի պայմաններում

Մեկուսացված վիճակում են հայտնվել մարզիկները. նրանք գտնվում են առավել խոցելի պայմաններում Մեկուսացված վիճակում են հայտնվել մարզիկները։ Նրանք գտնվում են առավել խոցելի պայմաններում։ Հասկանալի է, որ հնարավոր չէ իրականացնել բնականոն մարզումային գործունեություն և կանգնած են մարզավիճակը կորցնելու վտանգի առաջ։


Կորոնավիրուսը մարզիկներին դրել է դժվարին հոգեբանական վիճակում և հնարավոր է, որ նրանց մի մասը հայտնվի ընկճախտի մեջ։ Ոչ բոլորը կկարողանան հաղթահարել դա, որի հետևանքով կխաթարվի նրանց մարզական կենսագրությունը։ Ավելի դժվար է լավագույն մարզավիճակում գտնվող մարզիկների համար, որովհետև խոցելի է նրանց իմունիտետը։

Վտանգներից խուսափելու համար կուզեի հետևյալն ասել։ Անհրաժեշտ է տնային պայմաններում շարունակել մարզումները՝ պահպանելով նախկին ռեժիմը և հաճախականությունը։ Ամենօրյա կապ հաստատել մարզչի, թիմի բժշկի և եթե հնարավոր է՝ հոգեբանի հետ։

Ամեն մարզիկ պիտի ունենա իր օրագիրը։ Այնտեղ անհրաժեշտ է նշել առավոտյան հանգստի վիճակի պուլսը / սրտի բաբախումների հաճախականությունը /, անձնական քաշը, մարզումների ժամերը, կատարված վարժությունները, դրանց քանակն ու հաճախականությունը։

Պարապմունքները պետք է հաջորդաբար ընդգրկեն նախավարժանք / ցատկեր, կքանիստեր, արագ վազքեր՝ մուտքի աստիճաններով, հավասարակշռության և ուժային վարժություններ, ձգումներ / ։ Ձգումներն անհրաժեշտ է կատարել հետևյալ հերթականությամբ․ ստատիկ, դինամիկ և պայթուցիկ / բալիստիկ / շարժումներով։

Մարզման ամենամեծ բեռնվածության պահին կրկին հաշվել պուլսը, որը պիտի կազմի ոչ պակաս քան 160 - 180 բաբախում / րոպե։ Վերջում կատարել ցածր բեռնվածության թուլացնող վարժանք։

Ավարտից հետո ընդունել տաք և սառը ցնցուղ, ինչը կոփում և զարգացնում է օրգանիզմի պաշտպանական ուժերը։ Օրագրում նշել օրվա մարզման հետ կապված սեփական մտքերը, թերությունները և հաջորդ օրվա անելիքը։ Պահպանել հեղուկների ընդունման ռեժիմը / օրը՝ 2-3 լիտր ջուր / ։

Ամեն օրվա մարզման համար խորհուրդ է տրվում պատրաստել էներգետիկ հեղուկային խառնուրդ / կոկտեյլ / ՝ 300 մլ խնձորի կամ խաղողի հյութի մեջ լուծել 1 ճաշի գդալ կիտրոնի հյութ, 1 ճաշի գդալ մեղր և 2-3 լորի հավկիթ։ Կոկտեյլի կեսը խմել մարզումից մեկ ժամ առաջ, մյուս կեսը՝ ավարտելուց կես ժամ հետո։ Դա նպաստում է ուժերի արագ վերականգնմանը։

Ցանկանում եմ առողջություն, բարձր տրամադրություն, անհրաժեշտ մարզավիճակ և հաղթանակներ։

Սպորտային բժիշկ՝ բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Ստեփան Գրիգորյան

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք