211652_close_icon
views-count6738 դիտում article-date 19:30 08-04-2020

ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը պատասխան գրություն է ուղարկել 2016թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով ստեղծված հատուկ քննիչ հանձնաժողովին

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակն այսօր պատասխան գրություն է ուղարկել 2016թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով ստեղծված հատուկ քննիչ հանձնաժողովին, որում ասված է. «Հարգելի՛ պարոն Քոչարյան, Ս.թ. ապրիլի 8-ին ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ ուղարկված Ձեր թիվ ԱԺՀ.2/2514 գրության մեջ պարզորոշ ներկայացված չէ հանձնաժողովի դիրքորոշումը` ի պատասխան գրասենյակի հարցադրումների: Մասնավորապես, հասկանալի չէ, թե բավարարվե՞լ է արդյոք ՀՀ երրորդ նախագահի առաջադրած պայմանը` հանձնաժողովի լսումներին ներկայանալու միայն իր մասնակցությամբ նիստի ձայնագրությունը (կամ տեսաձայնագրությունը) ստանալու դեպքում: Եթե նիստի ընթացքում հանձնաժողովը պատրաստվում է ՀՀ երրորդ նախագահին հայտնել պետական և ծառայողական գաղտնիք կազմող` նախագահին անհայտ տեղեկություններ, ապա, ղեկավարվելով «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով, Սերժ Սարգսյանը դեմ է դրան և առաջարկում է նման տեղեկություններ չհայտնել: Իսկ եթե խոսքը վերաբերում է պետական և ծառայողական գաղտնիք կազմող այնպիսի տեղեկությունների, որոնց ՀՀ երրորդ նախագահը տիրապետում է ի պաշտոնե, ապա «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա արդեն իսկ առկա է դրանք չհրապարակելու պարտավորություն` անկախ հանձնաժողովի նիստում դրանք հրապարակելուց կամ չհրապարակելուց: Ելնելով վերոհիշյալից` ակնկալում ենք հանձնաժողովի հստակ դիրքորոշումը` տրամադրվելո՞ւ է արդյոք ՀՀ երրորդ նախագահին` նրա կողմից հանձնաժողովի նիստում հնչեցված հայտարարությունների և պատասխանների տեսաձայնագրությունը: Ձեր պատասխանից է կախված նիստին մասնակցելու` նախագահ Սարգսյանի որոշումը, ինչի մասին ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը իր նախորդ գրությամբ տեղեկացրել էր: Խնդրում ենք նաև պարզաբանել, թե ՀՀ օրենսդրության որոշակիորեն ո՞ր նորմերից է բխում հանձնաժողովի նիստին պաշտոնաթող նախագահի չներկայանալու դեպում հանձնաժողովին գրավոր հիմնավորումներ ներկայացնելու Ձեր խնդրանքը»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր