211652_close_icon
views-count7216 դիտում article-date 23:32 02-04-2020

Համաշխարհային համավարակի պատճառով առաջացած պահանջարկի և յուղերի գների անկումը հանգեցրել են հիմնական պարենային ապրանքների միջազգային գների նվազմանը

Պարենային ապրանքների համաշխարհային գները մարտ ամսին կտրուկ նվազել են, պայմանավորված հիմնականում COVID-19 համաճարակի արդյունքում առաջացած պահանջարկի նվազմամբ և համաշխարհային շուկայում յուղերի գների անկմամբ: Սա հիմնականում հետևանք է նրա, որ կառավարությունները տնտեսական առումով որոշ սահմանափակումներ են մտցնում՝ միտված ներկայիս առողջապահական ճգնաժամը հաղթահարելուն: Պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը պարենային ապրանքների որոշակի զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխության չափման միջոց է, ամսվա ընթացքում կազմել է միջինը 172.2 նիշ, ինչը փետրվար ամսվա համեմատ ցածր է 4.3 տոկոսով: ‹‹Գների անկումը մեծապես պայմանավորված է պահանջարկի գործոններով, այլ ոչ առաջարկով, իսկ պահանջարկի գործոնների վրա ազդում են էլ ավելի վատթարացող տնտեսական հեռանկարները,›› նշում է ՊԳԿ ավագ տնտեսագետ Աբդոլռեզա Աբբասիան: ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը գրանցել է ամենամեծ անկումը՝ նախորդ ամսվա համեմատ նվազելով 19.1 տոկոսով: Պատճառները ներառում են՝ արտաքին սպառման ավելի ցածր պահանջարկը, որը կապված է շատ երկրների կողմից կիրառվող արգելքների հետ, և էթանոլ արտադրող երկրների կողմից պահանջարկի նվազումը, ինչը կապված է անմշակ նավթի գների կտրուկ անկման հետ: ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը մեկ ամսում նվազել է 12.0 տոկոսով, ինչը հիմնականում կապված է արմավենու յուղի գնի անկման հետ՝ պայմանավորված անմշակ նավթի գների կտրուկ նվազմամբ և համաճարակի արդյունքում բուսական յուղերի համաշխարհային շուկայում առաջացած աճող անորոշությամբ: Սոյայի և հլածուկի յուղերի գները նույնպես նվազել են: ‹‹Անցած ամսվա ընթացքում նավթի գները ավելի քան կիսով չափ նվազել են, ինչը մեծ ազդեցություն է ունեցել կենսավառելիքի գների վրա: Վերջինս շաքարավազի և բուսական յուղերի շուկաներում պահանջարկի կարևոր աղբյուր է հանդիսանում››, ասել է ՊԳԿ վերլուծաբան Փիթեր Թենեսը: ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը նվազել է 3.0 տոկոսով, ինչը պայմանավորված է զտված և չզտված կաթի փոշիների գնառաջարկների և ներմուծման համաշխարհային պահանջարկի անկմամբ: Սա հիմնականում պատճառ է այն բանի, որ COVID-19-ի տարածումը վերահսկելու նպատակով կիրառված զսպող միջոցառումները հանգեցրել են կաթնամթերքի մատակարարման շղթաների խաթարումների: ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը մարտին նվազել է 1.9 տոկոսով և համարյա հավասարվել նախորդ տարվա մարտ ամսվա ցուցանիշին: Նվազել են ինչպես ցորենի, այնպես էլ եգիպտացորենի միջազգային գները: Վերջինս հետևանք է նրա, որ առկա են եգիպտացորենի մեծ պաշարներ, իսկ կենսավառելիքի ոլորտի կողմից բավականին ցածր պահանջարկ կա: Բրնձի միջազգային գները, հակառակը, երրորդ ամիսն անընդմեջ աճ են գրանցում, ինչը հետևանք է նրա, որ համավարակի պատճառով պահուստային կուտակումներ են եղել և այն հաշվետվությունների ֆոնին, որ Վիետնամը կարող է արտահանման արգելքներ ներկայացնել, ինչն ի սկզբանե այդ երկրի կառավարությունը հերքել է: ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն Քյու Դոնգյուն անցյալ շաբաթ կայացած մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովի ժամանակ՝ դիմելով երկրների ղեկավարներին կոչ է արել ‹‹միջոցներ ձեռնարկել, որպեսզի գյուղատնտեսական ապրանքների առևտուրը շարունակի իր կարևոր դերակատարումն ունենալ համաշխարհային պարենային անվտանգությանը նպաստելու գործում›› և խուսափել այնպիսի միջոցառումներից, որոնք կխանգարեն պարենի մատակարարման համակարգերին սնող առևտրային հոսքերին: ՊԳԿ-ն ուշադիր հետևում է պարենային ապրանքների գներին և նյութատեխնիկական ապահովման հարցերին՝ նպատակ ունենալով ահազանգել երկրներին առաջացող խնդիրների մասին, որոնք կարող են ավելի սրել համավարակի ընթացքում առաջացած հնարավոր խափանումները: ՊԳԿ մսի գնային ինդեքսը նվազել է 0.6 տոկոսով՝ պայմանավորված մանր և խոշոր եղջերավոր անասունների մսի միջազգային գնառաջարկի անկմամբ, որի համար մեծ են արտահանման հնարավորությունները բայց առևտրային կարողությունները նվազել են՝ նյութատեխնիկական ապահովման խոչընդոտների պատճառով: Սակայն աճել է խոզի մսի գնառաջարկը՝ մեծացող համաշխարհային պահանջարկի և վերամշակման գործարաններում աշխատողների տեղաշարժի սահմանափակումների պատճառով: ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից հրապարակել է նաև հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային արտադրության ծավալների նոր ցուցանիշները, որոնց կարելի է ծանոթանալ [url=http://www.fao.org/worldfoodsituation/csdb/ru/]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր