211652_close_icon
views-count8692 դիտում article-date 11:01 02-04-2020

Ռազմավարությունը ճիշտ է, բայց սահմանափակումները պետք է մշակել բծախնդրորեն․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում օրական կտրվածքով ապաքինվողների թիվը չի գերազանցում նոր վարակվածների թվին, պարետատունը պարտավոր է առնվազն ամեն շաբաթ, եթե ոչ ամեն օր խստացումների գնալ: Հակառակ դեպքում վարակի տարածման դանդաղեցումը, որը հիմա աշխարհում խնդիրների խնդիրն է, կձգվի երկար ժամանակով, որի ընթացքում կլինեն նոր զոհեր: Իհարկե, այդ խստացումները պետք է լինեն բանական և իրագործելի: Հեռախոսի միջոցով մարդկանց տեղաշարժին հետևելու նախագիծը Հայաստանում չի աշխատի՝ ժամանակի և նյարդերի անիմաստ կորուստ է: Խնդիրն այստեղ մարդու իրավունքների սահմանափակումը չէ. դա, կրկնեմ, որոշ դեպքում անհրաժեշտ է, խնդիրը միջոցի անարդյունավետությունն է: Իզուր տեղը մարդկանց մոտ հավելյալ անհանգստություն են ստեղծում. երեկ տնից դուրս եկա աղբ թափելու, հեռախոսս թողեցի տանը՝ այդպիսով իրականացնելով «չվերահսկվող» և «չգրանցված» տեղաշարժ: Մարդկանց տեղաշարժն, այո, պետք է սահմանափակել: Շրջաններից մայրաքաղաք զբոսանքի եկողներին կամ Երևանի փողոցներում պարապ թափառողներին պետք է ուղարկել տուն: Գուցե անհրաժեշտ լինի Վրաստանի օրինակով ուշ երեկոյան և գիշերվա ժամերի համար հաստատել պարետային ժամ, իսկ 70-ն անց մարդկանց ընդհանրապես արգելել տանից դուրս գալ: Բայց այստեղ էլ պետք է գործել բանականության սահմաններում: Խոսքը, մասնավորապես, միջմարզային տեղաշարժի մասին է: Ես ապրում եմ Զովունիում՝ Կոտայքի մարզ, որտեղ չկան փոխանակման կետեր, բանկոմատներ և գրեթե չկա նաև քարտային առևտուր: Բացի այդ, որոշ ոչ պարենային ապրանքներ ես կարող եմ գնել միայն Երևանից, և, հետևաբար, պետք է հնարավորություն ունենամ գոնե շաբաթը մեկ անգամ հատել մայրաքաղաքի սահմանը: Ինչպես անել, որ ես դա անեմ շաբաթը 1 և ոչ թե 10 անգամ՝ դա նույնպես կարելի է կարգավորել: Ճիշտ է, դա պետությունից որոշ հավելյալ ջանքեր և ռեսուրսներ է պահանջում: Բայց հակառակ դեպքում մարդիկ կդիմեն ինչ-որ հնարքների, կեղծ փաստաթղթեր կսարքեն և այլն, որպեսզի արգելքը հաղթահարեն: Բացի այդ, պետք է մտածել նաև այն մարդկանց մասին, որոնք ապրում են Երևանից դուրս, բայց աշխատում են մայրաքաղաքում կամ ապրում են 7-րդ մասիվում, Չարբախում, Հարավ-Արևմտյան թաղամասում, ու պիտի գան կենտրոն: Նրանց մեջ հաստատ կան մարդիկ, որոնք մեքենա չունեն, կամ չեն կարող ամեն օր մեքենա վարել ու չեն էլ կարող ամսեկան, ասենք, 60 հազար դրամ ծախսել տաքսիների վրա: Թողնել ամեն ինչ գործատուների վրա՞, թե՞ այստեղ պետք է պետության միջամտությունը: Մի խոսքով, ընդհանուր առմամբ պետության ռազմավարությունը ճիշտ է, բայց սահմանափակումների մանրամասները պետք է մշակել ավելի բծախնդրորեն՝ մարդկանց համար անհարկի անհարմարություններ չստեղծելու համար»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր