211652_close_icon
views-count2264 դիտում article-date 15:50 01-04-2020

Ալեն Սիմոնյանը դրական է գնահատում Արցախում անցկացված համապետական ընտրությունները

ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը դրական է գնահատում Արցախում անցկացված նախագահական և խորհրդարանական ընտրությունները։ ­«[url=https://armenpress.am/arm/news/1010837.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ` այս մասին Սիմոնյանն ասաց Արցախի համապետական ընտրությունների ՀՀ ազգային ժողովի դիտորդական առաքելության խմբի ասուլիսի ժամանակ։ «Մենք այս օրերին շրջել ենք տարբեր ընտրատեղամասերով։ Հնարավորություն ենք ունեցել ընդգրկել Արցախի ամբողջ տարածքը, ներկա գտնվել բոլոր շրջաններում։ Ընդհանուր առմամբ, ընտրությունները գնահատում ենք դրական։ Կարևոր է արձանագրել այն բարձր մասնակցությունը, որն Արցախի բնակչությունը ցույց տվեց։ Այսօրվա տվյալներն արտացոլում են այն պատկերը, որն արցախցին ձևավորել է քվեարկության միջոցով»,– ասաց Սիմոնյանը։ Սիմոնյանը ենթադրություն հայտնեց, որ ընտրությունների գալիք երկրորդ փուլը կլինի էլ ավելի լավ կազմակերպված։ Արցախում մարտի 31–ին տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական համապետական ընտրություններին մասնակցել է 76 հազար 471 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 72,7%–ը։ Արցախում նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար պայքարում էր 14 թեկնածու` Քրիստին Բալայանը, Վիտալի Բալասանյանը, Սերգեյ Ամիրյանը, Դավիթ Բաբայանը, Բելա Լալայանը, Արայիկ Հարությունյանը, Հայկ Խանումյանը, Դավիթ Իշխանյանը, Վահան Բադասյանը, Մասիս Մայիլյանը, Աշոտ Ղուլյանը, Ռուսլան Իսրայելյանը, Աշոտ Դադայանը և Մելսիկ Պողոսյանը։ Նախագահական ընտրությունները տեղափոխվեցին երկրորդ փուլ։ Առավելագույն կողմ ձայներ են ստացել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը և Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։ Արցախի Հանրապետության ԱԺ–ում ներկայացված կլինեն 5 քաղաքական թիմեր։ Դրանք են «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը, «Միասնական հայրենիք» կուսակցությունը, Արցախի «Արդարություն» կուսակցությունը, «Հայ hեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը և Արցախի ժողովրդավարական կուսակցությունը։

Նմանատիպ նյութեր