211652_close_icon
views-count2575 դիտում article-date 16:01 01-04-2020

Գրանցվել է ընտրողների մասնակցության բավական բարձր ցուցանիշ. «Ականատես»-ը՝ Արցախի ընտրությունների մասին

«Ականատես» դիտորդական առաքելության նախնական գնահատմամբ` 2020թ․ մարտի 31-ին Արցախի Հանրապետությունում կայացած նախագահական և խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ընթացել է մասամբ լարված մթնոլորտում։ Գրանցվել է ընտրողների մասնակցության բավականին բարձր ցուցանիշ։ Բազմաթիվ տարերային խախտումների հետ միաժամանակ, տեղ են գտել մի շարք կրկնվող երևույթներ, որոնք հիմք են տալիս ենթադրել, որ դրանք եղել են միտումնավոր և կազմակերպված։ Ակնհայտորեն որոշ ընտրողների կամարտահայտումը չի եղել ազատ, վերահսկվել է, ինչը կարող էր ազդեցություն ունենալ քվեարկության արդյունքների վրա։ Առաքելությունն ընդգրկել է 15 շրջիկ խումբ, որոնք այցելել են Արցախի ողջ տարածում տեղակայված 136 տեղամաս և դիտարկել քվեարկության ընթացքը, ինչպես նաև մասնակցել են արդյունքների ամփոփմանն ու հաշվարկին 31 ընտրատեղամասերում։ Երևանում տեղակայված դիտորդների խումբը հետևել է հեռարձակմանը 46 տեղամասում։ Ութ դիտորդ վերահսկել է քվեարկության արդյունքների աղյուսակավորման գործընթացը բոլոր 8 տարածքային ընտրական հանձնաժողովներում։ Բացի այդ, առաքելությունը ստացել է ահազանգեր քաղաքացիներից և կուսակցությունների և դաշինքների ներկայացուցիչներից՝ ընթացիկ ընտրախախտումների վերաբերյալ։ «Ականատեսի» կողմից դիտարկված տեղամասերում քվեարկության գործընթացը, հիմնականում, կազմակերպված էր պատշաճ կերպով։ Դիտարկման արդյունքներով՝ մոտ 20 տեղամասում հայտնաբերվել են կահավորման հետ կապված խնդիրներ, որոնք, հիմնականում, պայմանավորված են եղել քվեարկության սենյակների և/կամ շենքային պայմանների անհամապատասխանությամբ։ Մանրամասները՝ [url=https://transparency.am/hy/news/view/3036?fbclid=IwAR2EqdaHSNgHB8WrNTBP_k-1bIv_BFytwQhDTQ6ZyTjH27XWEYB-HvhCLcE]transparency.am[/url] կայքում:

Նմանատիպ նյութեր