211652_close_icon
views-count322 դիտում article-date 11:13 01-04-2020

Երաշխիք չկա, որ հավաքագրված տվյալները հասանելի չեն լինի անբարեխիղճ մարդկանց և օտարներին․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Մարդկանց հաղորդակցության և տեղաշարժի մասին համատարած անձնական տվյալներ հավաքագրելու վերաբերյալ կառավարության հեղինակած օրենքի նախագիծը երեկ Ազգային ժողովում երկրորդ փորձով ընդունվեց: Մեր իշխանությունը սովորություն չունի հրաժարվելու իր գաղափարներից, եթե անգամ դրանք, մեղմ ասած, փայլուն չեն: Երբ կեսօրին այդ օրինագիծը չանցավ՝ երեկոյան ընդդիմության բացակայությամբ գումարվեց ԱԺ նոր արտահերթ նիստ, իշխանությունը մոբիլիզացրեց իր բոլոր պատգամավորներին, և նախագիծն անցավ: Եթե իշխանությունն անկեղծ է և համոզված է, որ անձնական տվյալներ հավաքագրելով Հայաստանում (շեշտեմ՝ Հայաստանո՛ւմ) հնարավոր է դանդաղեցնել կորոնավիրուսի տարածումը, այս օրենքը կլինի պարզապես թղթի կտոր. արդարադատության նախարարի բացատրություններից այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչպես և ում կողմից է այդ օրենքը կիրառվելու: Եթե իշխանությունն անկեղծ չէ և այդ օրենքով քաղաքական նպատակներ է հետապնդում, ապա դրանով նա պայքարում է կորոնավիրուսի սոցիալ-քաղաքական հետևանքների հետ: Ես հակված եմ առաջին տարբերակին, և նույնիսկ այս դեպքում ոչ մի երաշխիք չկա, որ հավաքագրված տվյալները հասանելի չեն լինի անբարեխիղճ, քաղաքական նպատակներ ունեցող մարդկանց և, ինչու չէ, նաև օտարներին: Կարծում եմ, ոչ ոք չի վիճի, որ այս արտակարգ իրավիճակում անհրաժեշտ են շատ վճռական և շատ կոշտ քայլեր, նաև՝ այնպիսի քայլեր, որոնք սահմանափակում են մարդկանց քաղաքացիական ազատությունները: Բայց, մյուս կողմից, քայլեր, որոնք ա/ կիրառելի են, և բ/ որևէ արդյունք կտան: Իշխանության կողմից բերվող օրինակները՝ Իսրայել, Հարավային Կորեա, Չինաստան, կոռեկտ չեն: Առաջին երկու դեպքում տվյալները հավաքագրվում են՝ մարդկանց հավելյալ տեղեկատվություն տրամադրելու, զգուշացնելու համար՝ թե, հարգելի քաղաքացի, այդ միջավայրը քեզ համար կարող է վտանգավոր լինել: Չինաստանում, այո, կիրառվում է հենց այն, ինչ առաջարկում է մեր կառավարությունը՝ անձնական տվյալներ իմանալով, մարդկանց հետապնդել և պատժել: Բայց Հայաստանը Չինաստան չէ ոչ միայն ազգային մենթալիտետների տարբերության պատճառով: Չինաստանի պետական համակարգը մի մեխանիզմ է, որը տասնամյակներով մշակված է հենց հետապնդելու և պատժելու նպատակներին ծառայելու համար: Մենք այդպիսի մեխանիզմ չունենք: Եթե ունենայինք, ապա որքան էլ ցինիկ դա հնչի, ես դեմ չէի լինի, որ այս հանգամանքներում այն կիրառվեր՝ մարդկային կյանքերը փրկելու համար: Բայց քանի որ չկա, նման օրինագծեր գրելը, լավագույն դեպքում, անպտուղ մտավարժանք է: «Թիթեռ նկարել է»՝ ինչպես ասաց ընդդիմադիր պատգամավորներից մեկը»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր