211652_close_icon
views-count2549 դիտում article-date 17:17 30-03-2020

«Պենդերեցկու օրերը Հայաստանում» փառատոնը ներկայացրեց մոհիկանին իր ողջ փայլով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Խորը ցավ ապրեցի, երբ ստացա մեր դարաշրջանի հանճարեղ կոմպոզիտորի և իմ սիրելի ընկերոջ` Քշիշտոֆ Պենդերեցկու կորստի վշտալի լուրը: 2008թ.-ից, Հայաստանի մշակութային կյանքը կարծես բաժանվեց երկու շրջանների. մինչև Պենդերեցկի, և` նրանից հետո: Ինչպիսի ցնծություն էր, երբ երկարատև բանակցություններից հետո, ես հայտարարեցի Պենդերեցկու Հայաստանյան առաջին այցի օրերը: Շատերը չհավատացին, կարծելով, որ հերթական հիասթափությունն են ապրելու, ինչպես դա եղել էր տասնամյակներ շարունակ… «Պենդերեցկու օրերը Հայաստանում» փառատոնը ներկայացրեց մոհիկանին իր ողջ փայլով: Իր հետ Երևան էինք հրավիրել երկու տասնյակ աշխարհահռչակ կատարողների, ովքեր գրեթե բոլոր հայկական կատարողական ուժերի հետ միասին, ներկայացնում էին Պենդերեցկու սիմֆոնիկ և կամերային, վոկալ և գործիքային ստեղծագործությունները: Մեկ շաբաթ տոն էր Երևանում, ամեն օր Արամ Խաչատրյան համերգասրահը լեփ-լեցուն էր: Նա մինչև սրտի խորքը երախտապարտ էր` նման ընդունելության և պատվի համար: Երախտապարտ էր, որ վայելում էր ողջ հայ հասարակության անկեղծ սերը, նաև` իր երկրորդ հայրենիքը բացահայտելու համար: Մեկ տարի անց, ես հրավիրվեցի Վարշավա, կոմպոզիտորի ծննդյան 75-ամյա հոբելյանի առիթով մեծ ընդունելության: Ներկա էին երկրի նախագահը, բարձրաստիճան հյուրեր, դեսպաններ, հայտնի երաժիշներ: Անսպասելիորեն, Պենդերեցկին հայտարարեց, որ գտել է իր նախնիների երկիրը, իր երկրորդ հայրենիքը` Հայաստանը, ինչի համար բեմից շնորհակալություն հայտնեց ինձ: Չորս անգամ (2008թ., 2009թ., 20013թ., 2016թ.) նույն վեհությամբ և շուքով, շարունակաբար իրականացրեցինք <<Պենդերեցկու օրերը Հայաստանում>> փառատոնը: Տասնյակ հազարավոր ունկնդիրներ, շուրջ հիսուն գործերի կատարումներ, նվագախմբեր, երգչախմբեր, հրավիրյալ երաժիշտներ, հայ մենակատարներ, ընդունելություն և պարգևներ պետական մակարդակով... Դա բացառիկ էր. Պենդերեցկին սիրեց Հայաստանն ու իր ժոդովրդին, մտերմացավ մեր երաժիշտների և նվագախմբերի հետ, իսկ ոմանց կայացման գործում մեծ դեր խաղաց: Նա խորապես հոգևոր անձնավորություն էր և չեր կարող անտարբեր մնալ հայկական հարուստ հոգևոր երաժշտության նկատմամբ: Մենք ժամեր ենք անցկացրել <<Շարական>>-ը 200-տարի առաջ տպագրված հատորի շուրջը: Ես ներկայացնում էի նրան շարականները, իսկ նա հիշում էր, որ նման մեղեդիներ լսել էր Կրակովի հայկական եկեղեցում, ուր մանկության օրերին այցելում էր հայազգի տատիկի հետ: Այսպես ծնվեց հայկական հոգևոր թեմայով մեծ օռատորիա գրելու գաղափարը: Առավել իրականանալի էր երգչախմբային գործի ստեղծումը` որը նվիրվեց Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Տեքստը` Դավթի վեցերորդ սաղմոսի գրաբարյան տարբերակն էր: Ստեղծագործությունն առաջին անգամ մեծ շուքով կատարվեց Նյու Յորքի Քարնեգի Հոլում` մեր կազմակերպած ‹‹Քեզ հետ, Հայաստան›› համերգաշարի շրջանակներում` Հովեր կամերային երգչախմբով: Հիշողությունները շատ են ու զորավոր, և դժվար է պատկերացնել աշխարհն առանց նրա: Մշտապես հիշելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում նրա ասած խոսքերը.<<Հիմա տատիկիս հոգին հանգիստ կհանգչի երկնքում. ես վերջապես տեսա իմ Հայաստանը>>: Թող Ամենակարող Տերը իր երկնային դրախտի մեջ ընդունի քո հոգին, սիրելի Քշիշտոֆ: [b] «Երևանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր նախագահ և գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր` Ստեփան Ռոստոմյան[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր