211652_close_icon
views-count34593 դիտում article-date 17:12 28-03-2020

Իմ համոզմամբ՝ բնակչության հիմնական մասը կվարակվի վիրուսի թեթև ձևով և ձեռք կբերի իմունիտետ. Պրոֆեսոր Վաչագան Այվազյան

Իմ համոզմամբ՝ բնակչության հիմնական մասը կվարակվի վիրուսի թեթեւ ձեւով եւ ձեռք կբերի իմունիտետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Վաչագան Այվազյան: Նա, մասնավորապես, նշել է. «Սիրելի հայրենակիցներ Ամբողջ աշխարհում սրընթաց տարածվում է կորոնավիրուսը: Հայտարարված է պանդեմիա: Պանդեմիան չի նշանակում, որ վիրուսը շատ սարսափելի է: Դա նշանակում է` վիրուսի տարածումը ընդգրկում է երկրների մեծ մասը: Նրա վտանգավորություն այն է, որ այն տարածվում է շատ արագ: Առողջապահական համակարգի նպատակը ոչ թե այն ամբողջությամբ կանգնեցնելն է, այլ՝ կանգնեցնել նրա սրընթացությունը: Եթե վիրուսի տարածման ճանապարհին խոչընդոտներ չստեղծվեն, ապա ոչ մի երկրի առողջապահական համակարգ չի կարող հաղթահարել հիվադների միաժամանակյա նման մեծ հոսքը: Օրինակ կարող են հանդիսանալ Եվրոպայի շատ երկրներ: Մեր՝ Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոնը, հաշված օրերի ընթացքում վերապրոֆիլավորվեց կորոնավիրուսով վարակված հիվանդների բուժում իրականացնող ինֆեկցիոն հիվանդանոցի: 3 օրվա ընթացքում ծավալվեց 140 մահճակալ նշված հիվանդների համար, ինչպես նաեւ 16 մահճակալ՝ վերակենդանացման ծառայության կարիք ունեցող հիվանդների համար: Ընդհանուր առմամբ՝ 156 մահճակալ: Բերվել են թոքերի արհեստական շնչառության ապարատներ՝ թվով 16 հատ, նոր ֆունկցիոնալ մահճակալներ, մոնիտորներ, վերակենդանացման բաժանմունքը ապահովվել է թթվածնի կենտրոնական մատակարարաման համակարգով, բոլոր բաժանմունքներում տեղադրվել են մաքուր եւ վարակված գոտիները տարանջատող դռներ եւ միջնապատեր, վերանորոգվել է 1 բաժանմունք՝ 20 մահճակալով, ավելացվել են սանհանգույցներ, տեղադրվել է նոր հզոր դիզելային գեներատոր եւ այլն (բոլորը հնարավոր չէ թվարկել): Ապահովվել է վիրահատական սրահի առկայությունը՝ անհրաժեշտության դեպքում կորոնավիրուսով հիվանդներին վիրահատական միջամտություն իրականացնելու համար: Այս ամենը հնարավոր եղավ՝ շնորհիվ հանրապետության ամենատարբեր ծառայությունների համատեղ աշխատանքի, որը համակարգվում է առողջապահության նախարարի կողմից նշանակված համակարգող մասնագետի կողմից: Բուժկենտրոնի բոլոր անհրաժեշտությունները ապահովվում են հաշված ժամերի ընթացքում: Նշեմ, որ գործնականորեն ողջ կոլեկտիվը պատրաստակամություն է հայտնել աշխատել եւ օգտակար լինել Ձեզ, ինչի համար ես շատ շնորհակալ եմ բոլորին: Գրեթե բոլոր աշխատակիցները ապահովվել են աշխատանքով: Կատարված աշխատանքի համար վարձատրությունը զգալիորեն բարձրացվել է: Ցանկանում եմ նաեւ շնորհակալություն հայտնել այլ բուժհաստատությունների բուժաշխատողներին, բժիշկներին, բժշկական համալսարանի ուսանողներին, բուժքույրերին եւ կրտսեր բուժանձնակազմին: Նրանք բոլորը արագ, կարճ վերապատրաստումից հետո անցել են աշխատանքի: Մի քանի օրվա ընթացքում մեր կենտրոնը ընդունել է 98 հիվանդ <<Նորք>> ինֆեկցիոն ԲԿ-ից, եւ մենք անընդհատ սերտ համագործակցության մեջ ենք վերոնշյալ կենտրոնի հետ: Բոլոր հիվանդները ապահովված են անհրաժեշտ դեղորայքով եւ 3 անգամյա սնունդով: Բազմաթիվ կազմակերպությունների կողմից ստացվում է բարեգործական օգնություն: Իսկ այժմ՝ ամենակարեւորի մասին: Ինչպես արդեն նշեցի, առողջապահական համակարգի նպատակն է՝ դանդաղեցնել կոկորոնավիրուսի տարածումը: Իմ համոզմամբ՝ բնակչության հիմնական մասը կվարակվի վիրուսի թեթեւ ձեւով եւ ձեռք կբերի իմունիտետ: Հնարավոր են կրկնակի բռնկումներ, բայց դրանք արդեն ավելի քիչ վտանգավոր կլինեն, եւ չի լինի ծանր հիվանդների մասսայական հոսք, այն կլինի կառավարելի: Կորոնավիրուսի տարածման դեմ անհրաժեշտ է պայքարել միահամուռ ուժերով, ուստի դիմում եմ Ձեզ խնդրանքով՝ անվերապահորեն կատարել ՀՀ կառավարության եւ առողջապահության նախարարության ցուցումները: Հետեւել արտակարգ դրության ռեժիմի պահանջներին: Ռիսկի չենթարկել Ձեզ՝ վարակվել այս էտապում, երբ վիրուսը հատկապես վտանգավոր է: Այս ամենը հավերժ չի տեւելու. կգա ժամանակ, եւ այս ծանր ժամանակաշրջանը բոլորիս համար հիշողություն կդառնա: Մեր ազգը հաղթահարել է երկրաշարժի հետեւանքները, պատերազմը, կհաղթահարենք նաեւ այս փորձությունը: Բոլորիցս է կախված, որ այս ամենը անցնի նվազագույն կորուստներով: Այս շրջանում կտրուկ կրճատեք շփումները, պահպանեք հիգիենան եւ հետեւեք առողջապահության նախարարության ցուցումներին: Դրանով դուք կփրկեք ձեզ եւ կթեթեւացնեք մեր աշխատանքը: Բուժանձնակազմից շատերը, հնարավոր է, վարակվեն այս վիրուսի թեթեւ ձեւով, եւ ես վստահ եմ՝ բոլորը կբուժվեն: Մենք գնում ենք այս ռիսկին հանուն Ձեզ, սիրելի հայրենակիցներ: Մի տրվեք չստուգված տեղեկատվությանը, ամենատարբեր ֆեյքերի ինֆորմացիային: Շնորհակալություն ըմբռնումի համար, պահպանեք ձեզ, բոլորին մաղթում եմ առողջություն»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր