հիմնական կայք
Լրահոս

ՅՈՒՆԻՍԵՖ-ը 145 երկրներում ընդլայնում է աջակցության ծավալը, որպեսզի ապահովի երեխաների կրթության շարունակականությունը

ՅՈՒՆԻՍԵՖ-ը 145 երկրներում ընդլայնում է աջակցության ծավալը, որպեսզի ապահովի երեխաների կրթության շարունակականությունը Քանի որ ողջ աշխարհում հանրակրթական դպրոցների փակումը խաթարում է աշակերտների ավելի քան 80 տոկոսի կրթությունը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտարարել է, որ զգալիորեն ընդլայնելու է աջակցության տրամադրումը բոլոր երկրներին՝ օգնելով երեխաներին շարունակել իրենց կրթությունը, ինչպես նաև՝ դպրոցների վերաբացմանն ընդառաջ դրանք անվտանգ դարձնել։


«Աշխարհի երկրների մեծ մասի դպրոցները փակվել են: Սա աննախադեպ իրադրություն է, և եթե մենք բոլորս հիմա չգործենք, որպեսզի պահպանենք երեխաների կրթությունը, հասարակություններն ու տնտեսությունները կզգան հետևանքների ողջ ծանրությունը ՔՈՎԻԴ-19-ը հաղթահարելուց հետո որոշ ժամանակ անց: Առավել խոցելի համայնքներում դրա հետևանքները կազդեն գալիք սերունդների վրա», - նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթության գծով համաշխարհային ղեկավար Ռոբերտ Ջենքինսը (Robert Genkins):

«Էբոլա համաճարակի ժամանակ դպրոցների փակումից քաղած դասերի վրա հիմնվելով` կարելի է փաստել, որ որքան ավելի երկար երեխաները չհաճախեն դպրոց, այնքան կմեծանա նրանց՝ դպրոց չվերադառնալու հավանականությունը: Երեխաներին կրթվելու այլընտրանքային եղանակներ տրամադրելը և դրանով իսկ որոշակի առօրյա սահմանելը, մեր արձագանքի կարևոր մասն է կազմում», - ավելացրել է Ջենկինսը:

Երեխաների կրթության խաթարումը կասեցնելու համար, և որպեսզի երեխաները շարունակեն անվտանգ պայմաններում սովորել, ՅՈՒՆԻՍԵՖ-ը ցածր և միջին եկամուտ ունեցող ավելի քան 145 երկրների հատկացրել է լրացուցիչ ֆինանսավորում՝ կառավարությունների և գործընկերների հետ աշխատանքն արագացնելու նպատակով։ 13 մլն ԱՄՆ դոլարի նախնական տրամադրումը, որի գրեթե 9 միլիոնը հատկացրել է Համաշխարհային գործընկերություն հանուն կրթության կազմակերպությունը, յուրաքանչյուր երկրի կառավարությունների և կրթության բնագավառի գործընկերների լայն շրջանակների համար ծրագրեր մշակելու աջակցության հարցում նշանակալի կլինի՝ հնարավորություն ընձեռելով համակարգային արագ արձագանք ստեղծել։

Այս նախաձեռնությունը հնարավորություն կընձեռի երկրներին՝ դպրոցների փակման դեպքում մշակել ուսումնառության այլընտրանքային ծրագրեր և կաջակցի դպրոցներին երեխաներին և իրենց համայնքները անվտանգ պահելու հարցում՝ տրամադրելով կենսական նշանակության տեղեկատվություն ձեռքերը լվանալու և հիգիենայի այլ կանոնների վերաբերյալ։ Ֆինանսավորումը կուղղվի նաև երեխաների հոգեկան առողջության պահպանմանը, ինչպես նաև խարանն ու խտրականությունը կանխարգելելուն՝ խրախուսելով աշակերտներին՝ խուսափել կարծրատիպերից վիրուսի մասին խոսելիս։

Բոլոր 145 երկրներում, այդ թվում Հայաստանում, ՅՈՒՆԻՍԵՖ-ը կաշխատի գործընկերների հետ՝
Աջակցելով կառավարությունների ճգնաժամային արձագանքման ծրագրերին, այդ թվում՝ տրամադրելով տեխնիկական աջակցություն, ռիսկերի արագ վերլուծություն, տվյալների հավաքագրում և դպրոցների վերաբացման պլանավորում:
Աջակցելով դպրոցների անվտանգ գործունեության և ռիսկերի մասին տեղեկատվության տարածման հարցերում, այդ թվում՝դպրոցների անվտանգության մասին ուղեցույցների թարգմանությունը, տպագրությունը, տարածումը և կիրառումը, դպրոցներին հիգիենայի պարագաներով զինումը և հիվանդության կանխարգելման վերաբերյալ կարևոր տեղեկատվության տարածումը։ Ինչպես նաև կաջակցենք կառավարությունների ուսուցիչներին և խնամակալներին հոգեսոցիալական և հոգեկան առողջության վերապատրաստման աշխատանքներում թե՛ իրենց, թե՛ աշակերտների համար։

Ապահովելով ուսման շարունակականությունը և հեռավար ուսուցման ծրագրերի հասանելիությունը՝ ստեղծելով և մշակելով այլընտրանքային կրթության ծրագրեր, այդ թվում՝ առցանց, ռադիոյի և հեռուստատեսության համար։
Բարելավելով գիտելիքների փոխանակումը և կարողությունների զարգացումը ընթացիկ արձագանքման և ապագա համաճարակների կանխարգելման համար:

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք