211652_close_icon
views-count3809 դիտում article-date 17:28 26-03-2020

Ստեփանակերտում ընդլայնվել է կորոնավիրուսի ներթափանցման դեմ ուղղված միջոցառումների ցանկը

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի որոշմամբ՝ ընդլայնվել է կորոնավիրուսի ներթափանցման ու տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների ցանկը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը։ «Մարտի 26-ի առավոտյան ժամերից քաղաքապետարանի միջոցներով և աշխատակիցների մասնակցությամբ, ալկոգել ախտահանիչ նյութի տարրաներ են տեղադրվել կենտրոնական շուկայի մուտքերում, ավտոկայաններում, մայրաքաղաքում կանոնավոր երթուղիները սպասարկող բոլոր ավտոբուսների ուղևորասրահներում, բազմահարկ բնակելի շենքերի վերելակներում, ինչպես նաև Ստեփան Շահումյանի անվան օղակաձև ու Ազատամարտիկների պուրակներում: Օրվա երկրորդ կեսին քաղաքապետարանին ենթակա «Բնակարանային շահագործման տնտեսություն» ՓԲԸ-ի կողմից ախտահանման աշխատանքներ են իրականացվում նաև կանգառ-սրահներում: Ի դեպ, արդեն երկրորդ օրն է, ինչ ջրցան մեքենաները քլորաջրով ախտահանում են քաղաքի ճանապարհները: Այս գործընթացն ու բազմահարկ շենքերի շքամուտքերի, ներսի պատերի և աստիճանավանդակների՝ օրեր առաջ մեկնարկած ախտահանումը շարունակական են լինելու»,- նշված է հաղորդագրության մեջ։ Մարտի 26-ին Արցախի Հանրապետության կառավարությունը ընդունել է որոշում՝ հանրային իշխանության մարմինների և նրանց ենթակա կազմակերպությունների գործունեության նկատմամբ կիրառել մի շարք սահմանափակումներ: Արցախի հանրային իշխանության մարմինների գործունեությունը հնարավոր բոլոր դեպքերում իրականացվելու է հեռավար կամ առցանց եղանակով՝ միաժամանակ ապահովելով մարմնի գործառույթների անխափան իրականացումը:

Նմանատիպ նյութեր