հիմնական կայք
Լրահոս

Ամենաճգնաժամային իրավիճակում այսօր առողջապահության ոլորտն է. Արսեն Թորոսյան

Ամենաճգնաժամային իրավիճակում այսօր առողջապահության ոլորտն է. Արսեն Թորոսյան Ամենաճգնաժամային իրավիճակում այսօր առողջապահության ոլորտն է՝ թե ընթացիկ հարցերը լուծելու, թե կապիտալ զարգանալու առումով: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:


Նրա խոսքով, փաստացի ընթացիկ և պլանային վիրահատություններն ու այցերը կրճատվելու պատճառով ոլորտը նաև ֆինանսական դժվարությունների առաջ է կանգնելու. «Մենք չենք կարող թույլ տալ, որ այդ դժվարությունների պատճառով, հատկապես խոշոր և խնդիր լուծող բուժհաստատությունները կանգնեն սնանկացման կամ փակվելու վտանգի առաջ»,- ասաց նա:


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսօր կառավարության կողմից հաստատված Կորոնավիրուսի հետևանքների հակազդման միջոցառումների համապարփակ ծրագրում կա առողջապահության վերազինմանը վերաբերող առանձին գլուխ:

«Երկրորդ, այս ծրագրերից կարող են օգտվել նաև առողջապահական հիմնարկները: Այստեղ որևէ սահմանափակում չկա: Բայց կա նաև նրբություն. Երբ խոսվում է առողջապահական համակարգի հզորությունների մասին, այսօր աշխարհի ամենաառաջատար առողջապահական համակարգեր ունեցող երկրները կանգնած են կիսակոլապսային վիճակի առաջ: Ենթադրվում է, որ կորոնավիրուսից հետո առողջապահական համակարգերի հայեցակարգերի վերափոխումներ նույնպես կլինեն: Հիմա ամենակարևոր հարցն է՝ կորոնավիրուսից հետո կոնցեպտուալ մակարդակում առողջապահական բանաձևերը պետք է շարունակեն նույն ձևի գործել, թե բոլորովին տրամաբանությունն ու կառուցվածքը պետք է փոխվի»,- ասաց Փաշինյանը:

Արսեն Թորոսյանն էլ նկատեց. «Մենք պետք է հենց այսօր առանձնահատուկ մոտեցում որդեգրենք առողջապահական գործող համակարգի նկատմամբ, ոչ թե ապագայում ծավալվող, այլ գործող համակարգի նկատմամբ, որովհետև եթե մենք իրեն թողնենք ինքնահոսի, ապա հետագայում ճգնաժամը հաղթահարելու ընթացքում այլ խնդիրներ ենք ունենալու»:

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք