211652_close_icon
views-count3953 դիտում article-date 12:50 26-03-2020

Հանքերի իրական սեփականատերերի վերաբերյալ տվյալների շրջանակը հասանելի կլինի հանրությանը

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց հանքերի իրական սեփականատերերի վերաբերյալ տվյալների շրջանակը, որը ենթակա է հրապարակման։ Այդու հրապարակման ենթակա են Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ներկայացված հայտարարագրում առկա բոլոր տեղեկությունները, բացառությամբ ֆիզիկական անձանց անձը հաստատող փաստաթղթի տվյալների, այդ թվում՝ հանրային ծառայության համարանիշի, ինչպես նաև նրանց հաշվառման և բնակության հասցեների մասին տեղեկատվության: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ըստ ՀՀ Ընդերքի մասին օրենսգրքի պահանջների` իրական սեփականատերերի բացահայտման պարտավորություն ունեցող իրավաբանական անձինք՝ մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման և մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության իրավունք ունեցող կազմակերպությունները մինչև փետրվարի 20-ը Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստր են ներկայացրել իրենց կազմակերպության` ՀՀ արդարադատության նախարարի 2020 թվականի փետրվարի 5-ի «Իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրի ձևը, լրացման և ներկայացման կարգը հաստատելու մասին» N 36 հրամանով սահմանված իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագիրը: Իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը բխում է Հայաստանի Հանրապետությունում Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) իրականացման շրջանակում ստանձնած պարտադիր կատարման ենթակա պարտավորությունից, ինչպես նաև ՀՀ Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) 4-րդ գործողությունների ծրագրի «Իրական սեփականատերերի բաց, հանրային գրանցամատյանի ներդրում» հանձնառությունից: ԱՃԹՆ-ն պահանջում է, որ իրական սեփականատերերի վերաբերյալ ամբողջական տվյալները առանց սահմանափակումների և անվճար հասանելի լինեն հանրությանը: Ներկայացված իրավական ակտի նախագծի ընդունման արդյունքում կսահմանվի Իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրով ներկայացված տվյալների շրջանակը, որը առանց սահմանափակման և պետական տուրքի վճարման հասանելի է հանրությանը Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում:

Նմանատիպ նյութեր