211652_close_icon
views-count4499 դիտում article-date 10:37 26-03-2020

Ինչի մասին էր զգուշացնում Բիլ Գեյթսը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Մոտ հինգ տարի առաջ Բիլ Գեյթսը խոսել է համավարակների մասին: Մոլորակի ամենահաջողակ և հարուստ մարդկանցից մեկը, որն իր գործունեությամբ, կարելի է ասել, կերտել է ժամանակակից աշխարհի ներկայիս տեսքը, կարծում եմ, բոլորի համար պետք է որ անառարկելի հեղինակություն լինի՝ անկախ նրանից, թե ինչի մասին է նա խոսում: (Ի տարբերություն իր երկրի ղեկավարի, որը հիմա ասում է, թե ԱՄՆ-ում ապրիլի 12-ին կյանքը կվերադառնա սովորական հուն): Գեյթսի ելույթի էությունն այն է, որ միկրոբների և վարակի տարածումը (որը կարող է լինել նաև միտումնավոր) ժամանակակից աշխարհում շատ ավելի վտանգավոր է, քան հրթիռները: Այն ժամանակ Աֆրիկայում մոլեգնում էր «էբոլայի» համաճարակը, որը խլեց ավելի քան 11 հազար մարդու կյանք: «Մայքրոսոֆթի» հիմնադրի ուղերձի իմաստն այն է, որ պետությունները փոխանակ իրար սպառնան, միլիարդներ ծախսեն հրթիռների վրա, ավելի լավ է կենտրոնանան համաշխարհային մարտահրավերների վրա, որոնց դիմակայելուն նրանք պատրաստ չեն: Գեյթսն առաջարկում է օգտագործել աշխարհի նյութական, կազմակերպչական, մտավոր, զինվորական ներուժը՝ վտանգի դեմն առնելու համար: Ամերիկացի գործարարի կանխատեսումները ճիշտ էին, իսկ զգուշացումները՝ տեղին. ոչ թե այն պատճառով, որ նրա մոտ մտքի ինչ անսպասելի փայլատակումներ են առաջացել՝ նա պարզապես ուսումնասիրում է համաշխարհային զարգացումների միտումները և իր հնարավորությունների սահմաններում փորձում է նվազեցնել վտանգները (այդ թվում՝ առողջապահության ոլորտում բարեգործության վրա հսկայական գումարներ ծախսելով): Աշխարհի հզոր երկրների կառավարություններն, իհարկե, խելացի մարդկանց չեն լսում և շարունակում են իրար դեմ պայքարել: Օրինակ, ոչ մի կորոնավիրուս չի կարողանում հաշտեցնել Միացյալ նահանգներին և Իրանին: «Ջրային հրադադարը», որը հրաշալիորեն նկարագրված է «Մաուգլի» գրքում և հայտնի մուլտֆիլմում, աշխարհում և առանձին պետություններում չի գործում: Ավելին՝ ի հեճուկս այն հանգամանքի, որ կորոնավիրուսից մահացածների թիվն աշխարհում արդեն հասնում է 20 հազարի, ոչ բոլոր կառավարություններն են հարցին մոտենում պատշաճ լրջությամբ: Մասնավորապես, իշխանությունները չպիտի հայտարարեն այնպիսի միջոցառումների մասին, որոնց իրականացումը չեն կարող կամ չեն պատրաստվում ապահովել: Օրինակ, երբ ասվում է, որ փողոցում պարապ ճեմող մարդկանցից ոստիկանությունը ձևաթուղթ է ուզելու և, նրանց՝ փողոցում գտնվելու անհրաժեշտությունը չապացուցելու դեպքում, տուգանելու է, բայց դա չի արվում: Ավելի լավ է՝ չասվի»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր