հիմնական կայք
Լրահոս

Արցախում հետաձգվել կամ չեղարկվել են մի շարք զանգվածային մշակութային միջոցառումներ

Արցախում հետաձգվել կամ չեղարկվել են մի շարք զանգվածային մշակութային միջոցառումներ Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման և համաճարակային վիճակի կայուն պահպանման նպատակով ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը (ՄԵՀԶ) որոշել է մարտի 16-ից մեկ ամսով՝ չեղարկել կամ անժամկետ հետաձգել բոլոր տեսակի զանգվածային մշակութային միջոցառումները։


Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

«Արցախի Հանրապետության ՄԵՀԶ նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ների և ՓԲԸ-ների տնօրեններին հրահանգվել է սահմանափակել մշակութային, գիտական, զվարճանքի, մարզական միջոցառումները, կասեցնել գրադարանների, թանգարանների, պատկերասրահների, համերգասրահների, թատրոնների աշխատանքը: Գերատեսչությունը շարունակում է հորդորել ՀԿ-ներին ու մասնավոր կազմակերպություններին զերծ մնալ զանգվածային միջոցառումների կազմակերպումից ու մասնակցությունից»,- ասված է հայտարարության մեջ։

Արցախի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի հաստատված դեպքեր չեն հայտնաբերվել։

Հայաստանում մարտի 25-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 265 է: Թեստերից 1315-ը բացասական արդյունք են տվել:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվելու է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը: Հայաստանում մարտի 25-ին ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինվել է 16 քաղաքացի, մեկուսացումից դուրս եկել 88-ը:

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք