211652_close_icon
views-count3023 դիտում article-date 13:05 25-03-2020

Արցախի փրկարարները չորս սահմանային հսկիչ կետերում շուրջօրյա հերթապահություն են իրականացնում

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ստորաբաժանումները, 2020 թվականի մարտի 17-ի ԱՀ առողջապահության նախարարության, ԱՀ ոստիկանության և ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության միջև կնքված համատեղ հրամանի համաձայն, Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն տանող ավտոճանապարհներին տեղակայված սահմանային հսկիչ կետերում իրականացնում են Արցախում նոր տիպի կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ միջոցառումներ: Այս մասին տեղեկացանք Արցախի տեղեկատվական շտաբից։ Կազմակերպված միջոցառումների շրջանակում ԱԻՊԾ փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման և Քաշաթաղի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ-փրկարարական մասի հրշեջ-փրկարարները 4 սահմանային հսկիչ կետերում իրականացնում են շուրջօրյա հերթապահություն: «Վերոնշյալ հրամանի համաձայն՝ ԱԻՊԾ ստորաբաժանումները պարտավոր են սահմանային հսկիչ կետերում կասկածելի դեպքերի արձանագրման ժամանակ իրականացնել ավտոմեքենայի ախտահանում և կասկածելի վարակակրին տեղափոխել մեկուսարան: Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիների՝ մեկուսարան տեղափոխվելուց հրաժարվելու դեպքում կազմակերպել նրանց վերադարձը Հայաստանի Հանրապետություն (ավտոմեքենայի տրամադրում): Սահմանային հսկիչ կետերում տեղակայված բուժսանիտարական հսկիչ կետերում և հարակից շինություններում պարբերաբար իրականացնել ախտահանման աշխատանքներ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր