211652_close_icon
views-count2418 դիտում article-date 10:48 24-03-2020

Շուկայական հարաբերություններն՝ առանց սոցիալական պատասխանատվության, տանելու են փակուղի․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Վարսավիրանոցը, որտեղ ես կտրում եմ մազերս, փոքրիկ կրպակ է, իսկ վարսավիրը՝ անհատ ձեռներեց, կամ, ավելի ժամանակակից լեզվով ասած՝ «միկրոբիզնեսմեն»: Անցած կիրակի նա դժգոհեց իր «բիզնեսի» վիճակից՝ սովորաբար միջին հաշվով ունենում է օրական 6-8 այցելու, իսկ համաճարակի պայմաններում օրը մի հոգի գա կամ չգա: Փակել կրպակը չի կարող, որովհետև «հետ քցած» փողեր չունի` այդ դեպքում զրկվելու է անգամ ամիսը 20-30 հազար դրամից: Մյուս կողմից էլ՝ տեսուչներն են գալիս, կոմունալ վճարներ են պահանջում և սպառնում հոսանքն ու գազը անջատել: Խոշոր բիզնեսին, իհարկե, պետք է օգնել, և կառավարությունը պիտի պլանավորի միջոցառումներ՝ երկարաժամկետ հեռանկարը հաշվի առնելով: Բայց դա, իմ կարծիքով, ապագայի խնդիր է: Խոշոր գործարարներն ունեն որոշակի գումարներ, որոնք կարող են, որոշակի վնասներ կրելով, ծախսել մոտակա ամիսներին իրենց աշխատողներին աշխատավարձ վճարելու համար: Պարզ է, որ իրենք պետք է նաև այսօրվանից մտածեն՝ իրենց բիզնեսը վերակառուցելու մասին: Բայց այս պահիս, ինձ թվում է, պետությունը պետք է զբաղվի այն մարդկանցով, որոնք ոչ մի տեղից աշխատավարձ չեն ստանում, և իրենց աշխատանքով վաստակում են ամիսը, օրինակ, 100-200 հազար դրամ: Շատ հավանական է, որ նրանք նաև ապրիլին այդ 200 հազարը չունենան և կանգնեն լրջագույն խնդիրների առաջ: Փոքր կրպակի տերը, որպես կանոն, չի մտածում երկարաժամկետ «բիզնես- ռազմավարությունների» մասին, նա հոգում է իր ամենօրյա հացի փողը: Սպառումն ընկնելու պայմաններում նա կարող է այդ փողից զրկվել: Խնդիրը պահանջում է հրատապ լուծում: Խոշոր գործարարները տուժելու են, բայց չեն սնանկանա և, հուսով եմ, իրենց աշխատակիցներին էլ ճակատագրի քմահաճույքին չեն թողնի: Եթե նրանք պետությանն առաջարկեն իսկապես կրեատիվ լուծումներ, որոնք հեղափոխական բեկում են մտցնելու մեր տնտեսության մեջ, ապա կառավարությունը կարող է նրանց խոստանալ աջակցություն: Խոստանալ, բայց առայժմ չտալ՝ ոչ ոք չգիտի այս իրավիճակը որքան է տևելու և ինչ կարիքների համար է մեզ (մեր պետությանը) փող պետք գալու: Մինչդեռ մանր ու միջին բիզնեսին աջակցությունը հետաձգել հնարավոր չէ, և, ակնկալում եմ, վաղը կառավարությունն այդ առումով ադեկվատ որոշումներ կկայացնի՝ հստակ ուղերձներ հղելով բանկերին: Աշխարհն իսկապես փոխվում է, և ոչ միայն կորոնավիրուսի ազդեցության տակ: Տնտեսության հին մոդելներն այլևս չեն աշխատելու, շուկայական հարաբերություններն՝ առանց սոցիալական պատասխանատվության, աշխարհը և պետությունները տանելու են դեպի փակուղի: Այս պայմաններում կառավարություններից հատկապես պահանջվում է ծայրահեղ պատասխանատու, հավասարակշիռ մոտեցում»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր