հիմնական կայք
Լրահոս

Մայա Խաչատրյան. Իմ տատիկը. mediamax.am

Մայա Խաչատրյան. Իմ տատիկը. mediamax.am mediamax.am-ը գրում է. - Մուրիկը սատկել ա, Մայա ջան։


- Ոչինչ, տատ ջան, մի տխրի։ Քեզ սիրուն շոր եմ առել, կբերեմ հետս։

Սիրտս ճմլվեց, բայց ուզեցի տատիս սիրտ տամ։ Այդ ժամանակ լրագրողների մեծ խմբով Կահիրեում էինք։ Տավուշում մեր կովը հիվանդացել, սատկել էր։ Մեծ ընտանիք էինք, Մուրիկը մեզ կերակրում էր, բոլորս կապված էինք նրա հետ։ Ընդհանրապես շատ զգայուն էր Աստղիկ տատս, մեր տան աստղն էր․ կմարեր, եթե որևէ մեկիս, հատկապես մեր՝ երեք քույրերիս, մի բան պատահեր, կպայծառանար երեքիս հաջողություններով։ Չէր քնի, մինչև բոլորը տուն չգան։

«Մայայիս գործը ռիսկի գործ ա», - ասում էր տատս։ Աշխարհն իրենն էր, երբ հեռուստացույցով լսում էր ձայնս։

Երեխա ժամանակ տատիս տարիքը հաշվելիս կորցնում էի հաշիվը։ 1912-ը շատ հեռու էր թվում։ Ֆայտոնչի ամուսինն էլ երկար ապրեց։ Որ տանում էի պապիս գերեզման, նայում էր շիրմաքարին ու ասում՝ իզուր մի նայի, չեմ գալու։ Այդպես էլ արեց, Անանիա պապիցս հետո ապրեց 17 տարի։ Տատիս եղբայրը քիմիական գիտությունների պրոֆեսոր էր, «Ներսիսյան» դպրոցում էր սովորել, տատս կրթություն չուներ, բայց ավելի խելացի մարդ չեմ տեսել, ուժեղ տրամաբանություն ուներ, իմաստուն էր։ Ատում էր բամբասանքը, ասում էր՝ «խոսք տանել-բերելը տուն ա քանդում», «բերանից դուրս եկածը խոսք պետք ա լինի»։ Տատս շառից էր վախենում (ես էլ)։

Իննսունականների կռիվների ժամանակ մեզ ուղարկեց Երևան, որ ապահով լինենք, ինքը պապիկիս հետ գյուղում մնաց։ Ադրբեջանցիները գրադով մեր տանը խփեցին, մենք փախանք։ Երկրորդ հարկի ննջասենյակում տատս արկի մեծ կտոր էր գտել ու աղոթել Աստծուն, որ փրկվել ենք։ Էնքան խաղաղասեր ու հաշտեցնող էր, որ ինձ թվում էր՝ «դիվանագետ» տատս ադրբեջանցիների հետ էլ լեզու կգտնի։

Յոթ երեխա էր մեծացրել, կրթել։ Հեշտ կյանք չէր ունեցել տատս, բայց բարությունը պինդ էր պահել մեջը։ Տաք-տաք լավաշները հանում էր, գյուղով մեկ իմ շրջագայությունն էր սկսվում։ Թարմ հացից բարեկամներին անպայման բաժին էր հանում։ Հացի խորհուրդն ուրիշ էր, ամուր էր պահում բարեկամությունը։

Տատս ապրեց 101 տարի։ Չկռացավ, չհիվանդացավ։ Լավ տեսնում ու լսում էր, գիտակցությունը տեղը, ինչ մոռանայինք, տատս կհիշեցներ։ Մի օր գրկեց մորս՝ իր հարսին, ասաց՝ սիրտս ծակեց ու գնաց․․․ Մի քանի օր առաջ մարտի 8-ն էր։ Տավուշից Երևան բջջայինով ժամից ավելի խոսեց բոլորիս հետ։ Թաղմանը ամբողջ Շամշադինը ներկա էր։ Գիտեինք՝ երջանիկ մահ է, բայց արտասվում էի, որ կորցրել եմ մեծ Աստղիկիս։

Աղբյուրը՝ mediamax.am

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք