հիմնական կայք
Լրահոս

1-03՝ բուժծառայության առաջնագծի մարտիկները. mediamax.am. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

1-03՝ բուժծառայության առաջնագծի մարտիկները. mediamax.am. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ mediamax.am-ը գրում է. «1-03 զանգելիս մեզ հաճախ թվում է, որ մի քանի վայրկյան անց բաց կապույտ համազգեստով բժիշկն ու բուժքույրը պետք է հայտնվեն մեզ մոտ եւ անմիջապես բուժօգնություն ցուցաբերեն։ Իսկ երբ զանգից հետո՝ մի քանի րոպե անց, դեռ չենք լսում մեքենայի բարձր ազդանշանը, սկսում ենք դժգոհել, թե շտապ օգնությունն այնքան էլ չի շտապում։


Մեդիամաքսը պատմում է այն մարդկանց մասին, որոնք ընտրել են բժշկության «առաջնագիծը»՝ իր բոլոր դժվարություններով եւ մեծ պատասխանատվությամբ։ «Մարդապատում» խորագրի հերոսները Շտապ բժշկական օգնության ծառայության Կարդիոռեանիմացիոն բրիգադի անդամներն են։

Հասմիկ Խամփարյան, բուժքույր



Կախված օրվանից՝ 20-30 կանչ ենք սպասարկում։ Ամեն մի կանչը 40 րոպեից մինչեւ 1 ժամ տեւում է, մեքենայում անցկացնում ենք 5-6 ժամ։ Կանչերի դեպքում մոտավորապես նշվում է, թե ինչ խնդիր կա, բայց ոչ միշտ է դա ճշգրիտ լինում։

Մեքենայում մոնիտոր կա, որն օգտագործվում է կարդիոմոնիտորինգի համար, երբ, օրինակ, սրտի կաթվածով հիվանդ ենք տեղափոխում, դեֆիբրիլիատոր, որը սրտի կանգերի ժամանակ վերակենդանացման նպատակով է կիրառվում: Ունենք արհեստական շնչառության ապարատ, թթվածին։ Մեքենան հագեցած է պատշաճ մակարդակով։

Վերջին շրջանում՝ սուր-շնչառական վարակների նահանջով պայմանավորված, մի փոքր քչացել է կանչերի թիվը։ Հիմնականում կանչերը շատ են ձմռան ամիսներին։ Երբեմն, անգամ, ջերմություն կամ զարկերակային ճնշում չափելու համար են կանչեր լինում։



Շտապ բժշկական օգնության համակարգում աշխատում եմ 14 տարի։ Ամենազավեշտալի դեպքերից մեկը պատմեմ՝ մի անգամ կանչ ենք ստացել, գնացել ենք, խնդրել են ճնշման սարքը ստուգել։

Մեր աշխատանքում ամենակարեւոր բանը պատասխանատվությունն է եւ սերը։ Երբեմն, լինում է՝ գիշերը քնից արթնանում եմ ու ինձ թվում է՝ կանչ ենք ստացել եւ պիտի արագ դուրս գամ։



Մեր աշխատանքը 24 ժամ է, բայց լինում է, որ ժամը 9-ից 10 պակաս կանչ ենք ստանում։ Բնականաբար, դա էլ ենք սպասարկում, եթե, օրինակ, կարիք է լինում հիվանդին բուժկենտրոն տեղափոխել, ավելի երկար՝ անգամ մինչեւ 11-ը կարող է տեւել։ Այդ կանչը սպասարկելուց հետո միայն հանձնում ենք հերթափոխը։

«Հավատարիմ» հիվանդներ էլ ունենք։ Ինչ լինում է՝ առաջինը շտապ օգնություն են կանչում։ Հասցեն ասելու կարիք էլ չկա։ Կանչի ենք լինում, զանգում են, ասում՝ «կմտնեք Ստելլայի մոտ էլ, նոր կգաք կայան» (ծիծաղում է-Մեդիամաքս)։

Վահրամ Գաբրիելյան, բժիշկ



Ես Ստեփանակերտից եմ։ Նախկինում ռազմական բժիշկ եմ եղել, բուժծառայության պետ։ Շտապ օգնության ծառայությունն էլ քաղաքացիական կյանքի բժշկության առաջնագիծն է, այդ պատճառով որոշեցի, որ Երեւանում ապրելու եւ սովորելու ընթացքում հենց այստեղ պետք է աշխատեմ։ Իհարկե, բանակում այլ է, գործը հերթով չէ, ամեն օր է հերթապահությունը՝ անկախ այն բանից այդ օրը դո՞ւ ես հերթապահ, թե՞ մեկ ուրիշը։ Գործ ունես 18 տարեկան զինվորի հետ, ինչի դեպքում պատասխանատվությունը կրկնապատկվում է։

Ընդհանրությունը օպերատիվությունն է, հավանաբար։ Մեկ րոպե շուտ տեղ հասնելը կարող է մարդու կյանք փրկել, եւ այդ գիտակցումը միշտ կա։

Շտապ օգնության բժշկի աշխատանքը ամեն վայրկյան մեծ պատասխանատվություն է պահանջում։ Հերթապահության ամբողջ ընթացքում լարվածություն կա, որ հանկարծ որեւէ թերացում չլինի, քանի որ մարդկանց կյանքերի հետ գործ ունենք։ Ամեն հիվանդի հետ անցնում ես իր ապրումների միջով եւ իր հետ էլ դուրս գալիս այդ վիճակից։ Այդ լարվածությունից զատ՝ իհարկե, կա նաեւ գերագույն հաճույք, որ կարողանում ես օգնել մարդկանց։



Մեր աշխատանքի ընթացքում հետաքրքիր դեպքեր շատ են լինում, բայց այնքան լարված ենք աշխատում, որ քչերն ենք մտապահում։ Վերջերս կանչ էր եղել, արդեն ավարտում էինք։ Մի կին ու փոքրիկ երեխա էին մտնում դալանով, մենք էլ նստում էինք մեքենան, երեխան ասաց․«Մամ, երեւի, պապիկն է վատացել»։ Մայրը պատասխանեց․ «Քո պապիկին ցավ չի կպնում, քո պապիկը չի հաստատ, արխային»։ Ծիծաղեցինք։

Այս ծառայությունում ծագող խնդիրների զգալի տոկոսը գալիս է այն բանից, որ կանչերի որոշակի մասն անտեղի է. մարդիկ կարող են ուղղակի ջերմիջեցնող ընդունել, պոլիկլինիկա դիմել կամ իրենք իրենց զարկերակային ճնշումը չափել, բայց շտապ օգնություն են կանչում։

Դրա պատճառով կարող է իրական շտապ օգնության կարիք ունեցող կանչերի սպասարկումն ուշանալ։ Նման բաներ, իհարկե, մենք աշխատում ենք թույլ չտալ, բայց բնակչությունը պետք է գիտակցի, որ 1-03 զանգելու համար պետք է իսկապես սուր իրավիճակներ լինեն։


Ռուբեն Առաքելյան, վարորդ



Հերթափոխի ընթացքում միշտ արթուն է այդ գիտակցումը, որ մեքենայում հիվանդ կա եւ նրա կյանքը նաեւ ինձանից է կախված։ Միշտ պետք է զգոն լինես։ Շատ կարեւոր է պինդ նյարդեր ունենալը եւ համբերատարությունը, հատկապես, երբ խցանումներ են լինում։ Մարդիկ էլ պետք է սովորեն ճանապարհը զիջել շտապ օգնության մեքենային, քանի որ մարդու կյանքի համար ամեն րոպեն էլ կարող է որոշիչ լինել։ Պետք է ասեմ, որ վերջին շրջանում այդ հարցում դրական փոփոխություններ կան։

Մնրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք