հիմնական կայք
Լրահոս

Յուքոմ. Վրաստանում վնասվել են Հայաստանի ինտերնետ հասանելիություն ապահովող հիմնական և պահուստային կապուղիները

Յուքոմ. Վրաստանում վնասվել են Հայաստանի ինտերնետ հասանելիություն ապահովող հիմնական և պահուստային կապուղիները Ucom-ը հայտարարություն է տարածել, որում նշել է, որ այսօր ժամը 13:00 սահմաններում Վրաստանում` Գորի-Զեստաֆոնի բնակավայրերի միջակայքում, տեղի է ունեցել կապուղիների վթար, որի հետևանքով վնասվել է Հայաստանի ինտերնետ հասանելիության զգալի մասը ապահովող հիմնական մայր կապուղին:


«Վթարը Հայաստանի օգտատերերի համար գրեթե աննկատ է եղել, քանի որ պահուստային կապուղիներով անմիջապես հնարավոր է եղել կարգավորել իրավիճակը: Սակայն 17:15-ի սահմաններում Թբիլիսիում տեղի է ունեցել նույն պահուստային ինտերնետ կապուղու վթար, որի պատճառով, փաստորեն, Հայաստանի ինտերնետ հասանելիությունը Վրաստանի վրայով մեծ մասով ընդհատվել է:

Շուրջ մեկ ժամվա համատեղ աշխատանքից հետո հայ և վրացի մասնագետներին հաջողվել է վերականգնել ռեզերվային կապուղին և Հայաստանը այժմ սնվում է ինտերնետի այս ռեզերվային աղբյուրից:

Վրաստանի մասնագետները հայտնում են, որ մայր կապուղին կվերականգնվի 23:00 սահմաններում:
Ինչպես նշեցինք, այժմ ընկերության ցանցը սնվում է ռեզերվային կապուղիներից, որոնց թողունակությունը թույլ է տալիս բաժանորդներին օգտվել ինտերնետից սովորական ռեժիմով:

Իհարկե, վթարի ազդեցությունը այսքան նկատելի չէր լինի, եթե վերջին օրերին, արտակարգ դրության հետ պայմանավորված, չգրանցվեր ինտերնետի օգտագործման շեշտակի աճ:

Արտակարգ դրության այս պայմաններում Ucom ընկերությունը քաջ գիտակցում է` ինչ կարևոր դեր ունի ինտերնետը, և հավաստիացնում է, որ կանի իրենից կախված ամեն ինչ ինտերնետ հասանելիությունը անխափան պահելու համար:

Նոր տեղեկատվություն ունենալու դեպքում ընկերությունը հանդես կգա հայտարարությամբ»:

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք