211652_close_icon
views-count2845 դիտում article-date 10:39 21-03-2020

Ինքնասաբոտաժն ու պոպուլիզմը․ պոպուլիստը շահագործում է մարդկանց ինքնասաբոտաժը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնրոդողը գրում է․ «Հոգեբանական գրականության մեջ մի հետաքրքիր եզր է հանդիպում՝ ինքնասաբոտաժ: Եթե կարճ ձևակերպեմ՝ դա այնպիսի մի գործողություն է, երբ մարդն ինքն իրեն խանգարում է հաջողության հասնել, ինքն է խոչընդոտում իր ներուժի դրսևորմանը: Օրինակ, երբ մեկն ասում է՝ «ես դա երբեք չեմ կարողանա անել», նա այդպիսով համապատասխան ուղերձ է հղում իր ինքնագիտակցությանը, որը և փակում է դեպի նպատակների իրագործումը տանող մարդու ճանապարհը: Իրականում, եթե որևէ մարդ որևէ բան կարողացել է անել, գիտելիք ձեռք բերել, որևէ հմտություն ստանալ, ապա, գոնե տեսականորեն, դա կարող է անել ցանկացած այլ մարդ: Ինքնասաբոտաժի տեսակ է նաև հարուստ և/կամ հաջողակ մարդկանցից բամբասելն ու չարախոսելը: Չարախոսության «թիրախն» այդ խոսակցություններից, որպես կանոն, ոչ մի նեղություն չի կրում, տուժում է միայն ինքը՝ չարախոսը, արգելափակում է իր հաջողության և բարեկեցության ճանապարհը: Եթե մեկն, օրինակ, ենթադրում է, որ այն, ինչ հարուստն ունի, գողացած է, կամ նրա բախտն է բերել, կամ նույնիսկ, եթե պնդում է, որ դիմացինը հարուստ է և հաջողակ միայն իր արտակարգ տաղանդների շնորհիվ, նա այդպիսով ինքն իր համար հնարավորություն է ստեղծում պառկել դիվանին, օրուգիշեր «խաղալ» համացանցում, անընդհատ բողոքել և ոչ մի բան չանել: Որովհետև այդ տեսակի ինքնասաբոտաժով զբաղվողը ունի հրաշալի «արդարացումներ»՝ «ես ազնիվ եմ և ոչ մի բան չեմ գողանում, իմ բախտը չի բերում, ես զուրկ եմ հաջողակ լինելու համար անհրաժեշտ տաղանդներից»: Մինչդեռ անգամ տաղանդը կամ պարզապես լավ ընդունակությունները, բնածին շնորհքը, գենետիկ ժառանգությունը, սոցիալական բարենպաստ միջավայրը գործի հաջողության ընդամենը 10 տոկոսն են, մնացած 90 տոկոսը աշխատանքն է, կամային բնավորությունը, համառությունը: Դա վերաբերում է և՛ գործարարին, և՛ ջութակահարին, և՛ մարզիկին: Պոպուլիստ քաղաքական գործիչները, սակայն, մարդկության պատմության ողջ ընթացքում շահագործում են մարդկանց մեծամասնությանը հատուկ ինքնասաբոտաժը: Պուպուլիստների գլխավոր թեզն է՝ «նրանք հարստացել են, հաջողությունների են հասել ձե՛ր հաշվին, ձե՛զ թալանելով, և մեր նպատակը պետք է լինի խլել այդ հարստությունը և բաժանել ձեզ»: Այդպես են ասում ոչ միայն հեղափոխականները, նման կարգախոսներ ունեն միանգամայն պատկառելի գործիչները, երբ նախընտրական արշավ են իրականացնում և առաջարկում են կտրուկ բարձրացնել հարուստների հարկերը: Բայց երբ պապուլիստներն այս կամ այն ձևով գալիս են իշխանության, նրանք սկսում են փառաբանել հաջողակ գործարարներին: Եվ դա ճիշտ է, որովհետև գործարարներն իսկապես տնտեսության շարժիչ ուժն են, իսկ հարստանալու, շահույթ ստանալու մեջ ոչ մի դատապարտելի բան չկա: Իհարկե, նշանակություն ունի, թե ինչպես է դա արվում: Բայց այդ «ինչպեսով» պետք է զբաղվեն իրավապահները՝ դիվանին պառկելու համար դա ամենևին էլ արդարացում չի»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր