հիմնական կայք
Լրահոս

ՀՀ Հանրային խորհուրդն ու ՌԴ Հանրային պալատը՝ համագործակցության նոր փուլում

ՀՀ Հանրային խորհուրդն ու ՌԴ Հանրային պալատը՝ համագործակցության նոր փուլում ՌԴ Հանրային պալատի գլխավոր քարտուղարի՝ միջազգային համագործակցության և հանրային դիվանագիտության գծով տեղակալ Սերգեյ Օրջոնիկիձեն, համագործակցության առաջարկով, ողջույնի նամակ է հղել ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանին, որում մասնավորապես ասված է.



«Հարգելի Ստյոպա Սերյոժայի,

ՌԴ Հանրային պալատը ողջունում է ՀՀ Հանրային խորհրդի վերաիմաստավորումն ու դերի կարևորումը:

Ռուսաստանին և Հայաստանին միավորում են բազմամյա և բարեկամական համագործակցային հարաբերությունները՝ հիմնված ոչ միայն մշակութային ընդհանրությունների և ժողովուրդների պատմական անցյալի, այլ նաև դրվանագիտական և տնտեսական սերտ համագործակցության վրա: Նպատակ ունենալով զարգացնել Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա համագործակցային և ռազմավարական հարաբերությունները՝ կարևոր ենք համարում ակտիվացնել մեր երկրների հանրային կառույցների փոխգործակցությունը՝ ընդլայնելով և ամրապնդելով կապերը քաղաքացիական հասարակությունների միջև:

Ինչպես գիտեք, 2009 թվականին ՌԴ Հանրային պալատի և ՀՀ Հանրային խորհրդի միջև կնքվել է փոխըմբռնման և համագործակցության հուշագիր: 11 տարիների ընթացքում երկու երկրների քաղաքական-հասարակական կյանքում փոփոխությունները քիչ չեն եղել: Դրանով պայմանավորված՝ առաջարկում ենք երկու կողմերի համար առավել համար ժամանակահատվածում Մոսկվայում կամ Երևանում ունենալ աշխատանքային հանդիպում՝ մեր ինստիտուտների միջև համագործակցությունը հաստատող հուշագիրը թարմացված տեսքով ստորագրելու վերաբերյալ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը քննարկելու նպատակով:

Հույս ենք հայտնում, որ այս քայլերը ապագայում կհանգեցնեն ավելի սերտ և արդյունավետ հարաբերությունների հաստատմանն ու դրական ազդեցություն կունենան քաղաքացիական հասարակությունների միջև երկկողմ համագործակցության վրա». Ս.Ա.Օրջոնիկիձե:

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը, բարձր գնահատելով բարեկամ երկրներում գործող հանրային կառույցների հետ համագործակցությունը և ՀԽ միջազգային կապերը, պատասխան նամակում շեշտադրել է համագործակցության բոլոր այն ուղղությունները, որտեղ առկա է փորձառություն և ներուժ՝ փոխադարձաբար նպաստելու հանրային կառույցների զարգացմանը: Նամակում ասված է.

«Հարգելի՛ Սերգեյ Ալեքսանդրի,

2018 թվականին ՀՀ-ում տեղի ունեցած թավշյա ոչ բռնի հեղափոխության արդյունքում ձևավորվեց ՀՀ Կառավարության նոր կազմը, որից հետո մեկնարկեց նաև ՀՀ Հանրային խորհրդի վերաձևավորման գործընթացը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջադրմամբ և ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի նիստի որոշմամբ՝ Հանրային խորհուրդը ղեկավարելու պատասխանատու աշխատանքը վստահվեց ինձ, և ես ուրախ եմ, որ Ձեզ համար տեսանելի են դրական փոփոխությունները, որոնց փորձում ենք հասնել մեր ամենօրյա լարված աշխատանքում:

Կարևորելով ՀՀ Հանրային խորհրդի և ՌԴ հանրային պալատի համագործակցությունն ու փոխգործակցության խորացումը, ինչպես նաև հասարակական, քաղաքական, իրավական, գիտական և այլ ոլորտներում քաղաքականությունների մշակման և հանրային կառավարման գործընթացներում առկա փորձառությունը՝ համակարծիք եմ, որ երկու երկրների համանման կառույցների լավագույն փորձով փոխանակվելու և փոխըմբռնման միջավայր ձևավորելու համար նորացված հուշագրի ստորագրումը երկուստեք կարևոր է: Համոզված եմ, որ այդ կառուցողական երկխոսությունն ու արդյունավետ գործընկերությունը արդյունավետ կլինեն մեր երկրների պետական ու քաղաքացիական հասարակության ինստիտուտների կայացման և զարգացման գործում:

Ուրախությամբ եմ ընդունում աշխատանքային հանդիպման առաջարկը, սակայն ցավով պիտի նշեմ, որ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ մեր երկրում այս պահին առկա արտակարգ դրությունը դժվարություն է ստեղծում հանդիպման հնարավոր ժամկետ մատնանշելու հարցում: Հույս ունեմ՝ իրավիճակի կայունացումը հնարավորություն կստեղծի մեր հանդիպումը նախաձեռնել հնարավորինս սեղմ ժամկետներում». Ս. Ս. Սաֆարյան:

Նամակագրությունը հասանելի է այստեղ:

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք