հիմնական կայք
Լրահոս

ԵՄ երկրներում կորոնավիրուսով վարակված հայերի վիճակը լավ է. Սինանյան

ԵՄ երկրներում կորոնավիրուսով վարակված հայերի վիճակը լավ է. Սինանյան Եվրոպական միության երկրներում բնակվող՝ նոր տիպի կորոնավիրուսով վարակված հայերի վիճակը լավ է, նրանց հետ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մշտապես կապի մեջ է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։


«Իրանի Իսլամական Հանրապետությունում ապրում են մեծ թվով հայեր, ովքեր տեղի բնակչության նման՝ նույնպես ապրում են արտակարգ դրության պայմաններում։ Այս ընթացքում հայ համայնքից նոր տիպի կորոնավիրուսից մահացել է 85-ամյա հայ կին, ով նաև առողջական խնդիրներ ուներ։ Հոլանդիայում վիճակը բավարար է, Իտալիայում վարակվածների մասին մանրամասն տեղեկություններ չկան։ Եվրոպական այլ երկրներում ապրող հայ վարակվածների մասին հստակ տեղեկություն չունենք, սակայն մշտական կապի մեջ ենք համայնքների հետ»,- նշեց Սինանյանը։

Նա ասաց, որ բազմաթիվ դիմումներ, էլեկտրոնային նամակներ, զանգեր են ստանում սփյուռքում ապրող հայրենակիցներից, ովքեր ոչ միայն Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ են դիմում, այլև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Հարցերը հիմնականում կապված են Հայաստան վերադառնալու հետ, գրասենյակից փորձում են բոլորին սպառիչ պատասխաններ տալ և լուծումներ բարձրացված խնդիրներին։

«Շատ դիմողներ ունենք Ռուսաստանի Դաշնությունից, ովքեր ցանկանում են Հայաստան վերադառնալ ցամաքային ճանապարհով, ինչի անհնարինության մասին մենք տեղեկացնում ենք նրանց։ Քաղաքացիներ կան, ովքեր գույք են տեղափոխել ՀՀ և փորձում են իմանալ, թե ինչ է լինելու իրենց գույքի հետ։ Զանգեր լինում են նաև Լիբանանից, դիմում են նույն խնդիրներով»,- նշեց Զարեհ Սինանյանը։

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 122-ի: Առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել:

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք