հիմնական կայք
Լրահոս

Հրազենի գործադրմամբ սպանություն Երեւանում. Ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության նախկին աշխատակից, հայտնի փաստաբանի եղբոր տղան կասկածվում է իր կնոջ հորը սպանելու մեջ.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հրազենի գործադրմամբ սպանություն Երեւանում. Ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության նախկին աշխատակից, հայտնի փաստաբանի եղբոր տղան կասկածվում է իր կնոջ հորը սպանելու մեջ.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Այսօր՝ մարտի 19-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Երեւանում:


Ժամը 05:20-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Արտակարգ իրավիճակների նախարարության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Եկմալյան 1/1 շենքի 7-րդ հարկի բնակարաններից մեկի մուտքի մոտ տղամարդու դի կա:


Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության կենտրոնականի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաեւ Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Հարություն Խեդոյանի, բաժնի պետի տեղակալներ Գառնիկ Մաթեւոսյանի, Լեւոն Կարապետյանի եւ հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչներ Վովա Ասատրյանի եւ Ռազմիկ Արսենյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 7-րդ հարկի բնակարաններից մեկի մուտքի մոտ հայտնաբերել են նույն շենքի բնակիչ՝ 47-ամյա Արթուր Մարգարյանի դին, ում մարմնի վրա հայտնաբերվել է հրազենից արձակված հետք: Իսկ նշված հարկում հայտնաբերվել են ինքնաձիգից արձակված մեծ թվով պարկուճներ, եւ կրակոցի արդյունքում վնասվել է նաեւ տան դուռը:

Դեպքի վայր են ժամանել նաեւ ԱԻՆ ՓԾ հոգեբանական աջակցության բաժնի խումբը, հոգեբան Հուսիկ Խանումյանի գլխավորությամբ:

Վերջիններս հոգեբանական օգնություն են ցուցաբերել սպանվածի տան անդամներին, այդ թվում՝ անչափահաս երեխաներին: Տեղում աշխատել են նաեւ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված սպանությունը կատարելու կասկածանքով տաք հետքերով Կենտրոնի ոստիկաններն ու քննիչները ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երեւանի բնակիչ՝ 35-ամյա Գոռ Տեր-Եսայանին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս նախկինում աշխատել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (ժողովրդին հայտնի 6-րդ գլխավոր վարչությունում), եւ նա հայտնի փաստաբան, երջանկահիշատակ Տիգրան Տեր-Եսայանի եղբոր տղան է։

Փաստի առթիվ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետ Հ. Խեդոյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որի ղեկավար է նշանակվել հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Հ. Արսենյանը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաեւ հանցագործության գործիք հրազենը:

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, դեպքի վայր է ժամանել նաեւ Կենտրոն Նորք մարաշ վարչական շրջանների դատախազը:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջեւ խոսել, ասում էին, որ սպանություն կատարողը սպանվածի փեսան է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք