211652_close_icon
views-count2979 դիտում article-date 20:14 11-03-2020

Մեր երկու ժողովուրդները` որպես բնական աղետների հետևանքով տուժածներ, առավել ընկալելի և հասկանալի են միմյանց համար. հարգանքի տուրք՝ Ճապոնիայի զոհերի հիշատակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մարտի 11-ին Լոռու մարզի Սպիտակ քաղաքում ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ԱԻՆ և այլ պաշտոնատար անձինք հարգանքի տուրք մատուցեցին 2011 թ Ճապոնիայի արևելյան հատվածը պատուհասած աղետի հետևանքով զոհվածների պատվին տեղադրված խաչքարի մոտ, որը կանգնեցվել է 2012 թվականին` ի նշան ճապոնացիների նկատմամբ համամարդկային վերաբերմունքի և գնահատանքի: ԱԻ նախարարը, վկայակոչելով աղետի հետևանքով զոհվածներին, համոզմունք հայտնեց, որ մեր երկու ժողովուրդները` որպես բնական աղետների հետևանքով տուժածներ, առավել ընկալելի և հասկանալի են միմյանց համար, և փոխադարձ կարեկցանքը մտերմացրել է մեզ: Ճապոնացիների պատվին տեղադրված խաչքարը մի սրբավայր դարձած պուրակում է, որտեղ կոթողներ են կառուցված Սպիտակի երկրաշարժի հետևանքով զոհվածների և ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին: Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ հայերս ճակատագրի և հավատամքի բերումով շատ զգայուն ենք տանում դիմացինի ցավը և պատրաստ ենք կարեցածի առավելագույնն անել այն սփոփելու համար: Լոռու մարզպետը, հիշատակելով Սպիտակի ավերիչ երկրաշարժը, շատ բնական համարեց, որ խաչքարը տեղադրվել է Սպիտակում: Նա, հարգանքի տուրք մատուցելով 2011 թ. Ճապոնիայի զոհերի հիշատակին, նաև երախտագիտություն հայտնեց Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանին և Ճապոնիայի կառավարությանը Լոռու մարզին ցուցաբերած զգալի օժանդակության համար: Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան խորին երախտագիտություն հայտնեց հայ ժողովրդին, ՀՀ կառավարությանը, Հայոց Առաքելական Եկեղեցուն 2011 թ. երկրաշարժից հետո Ճապոնիայի ժողովրդին բազմակողմանի և անգնահատելի աջակցություն ցուցաբերելու համար: Միևնույն ժամանակ կարեկցանք հայտնեց 1988 թ.-ի Սպիտակի զոհերի հիշատակին: Նա տեղեկացրեց, որ ճապոնացիները 2011 թ.-ից հետո, ամեն տարի հարգանքի տուրք են մատուցում զոհերի հիշատակին, բայց այս տարի կորոնավիրուսով պայմանավորված Ճապոնիայում միջոցառումներ չեն իրականացվել, և միակը Սպիտակում անցկացվող ցավակցական միջոցառումն է: Ջուն Յամադան հավաստիացրեց, որ ճապոնացիները երբեք չեն մոռանա երախտագետ հայ ժողովրդին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր