211652_close_icon
views-count2751 դիտում article-date 21:08 03-03-2020

Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային խաղաղության և անվտանգության խնդիրներ

Մարտի 3-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում Թբիլիսիում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարությունը: ԱԳ նախարարները գոհունակությամբ ընդգծեցին փոխադարձ հարգանքի և երկու ժողովուրդների միջև դարավոր բարեկամության վրա հիմնված հայ-վրացական երկխոսության առկա մակարդակը: ԱԳ նախարարներն ուղենշեցին երկկողմ օրակարգի առավել հարստացման և ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, որոնց հիքում ընկած է երկու երկրների ռազմավարական փոխկապակցվածության ընկալումը: Բարձր գնահատվեց կողմերի միջև հաստատված համագործակցությունը բազմակողմ հարթակներում, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի, Արևելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում: Զոհրաբ Մնացականյանը և Դավիդ Զալկալիանին կարևորեցին մարդկանց միջև շփումների դյուրացումը և հասարակությունների միջև կապի ամրապնդումը, որի վերաբերյալ վերջիններիս կողմից ստորագրվեց մտադրությունների հուշագիր: Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի, նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ ձեռնարկվող համատեղ քայլերին: ԱԳ նախարարներ Մնացականյանը և Զալկալիանին քննարկեցին տարածաշրջանային խաղաղության և անվտանգության խնդիրներ: Այս համատեքստում ԱԳ նախարար Մնացականյանը ներկայացրեց ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացի առնչությամբ հայկական կողմի գնահատականները և դիրքորոշումները:

Նմանատիպ նյութեր