211652_close_icon
views-count3983 դիտում article-date 15:27 03-03-2020

Իրանի դեսպանն Արսեն Թորոսյանին ներկայացրել է կորոնավիրուսի դեմ պայքարում իր երկրի փորձը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիին: Այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից: Վերջիններս քննարկել են նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը և ընթացիկ աշխատանքները` վիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ: Արսեն Թորոսյանը նախ շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, ապա անցել հանդիպման բուն թեմային: Նախարարը ներկայացրել է, թե ինչ գործողություններ են իրականացվում Հայաստանում: Դեսպանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և ներկայացրել 2 շաբաթվա ընթացքում այն փորձը, որն Իրանը ձեռք է բերել նոր կորոնավիրուսի դեմ պայքարի ընթացքում: Ըստ դեսպանի` Իրանում բժշկական մեծ թիմ է ձևավորվել, որի հիմնական գործառույթը վիրուսի տարածման կանխարգելումն է, ինչպես նաև «թեժ գիծն» աշխատում է 24 ժամյա ռեժիմով: Աբաս Բադախշան Զոհուրին ներկայացրել է թարմ տվյալներ, ըստ որի` Իրանում նոր կորոնավիրուսի մուտք գործելուց հետո 7280 քաղաքացի դիմել է հիվանդանոց, որոնցից 4312-ը թեստավորվել են: Մինչև մարտի 2-ի կեսօրը Իրանում ախտորոշվել է կորոնավիրուսի 1501 դեպք, 291-ը ապաքինվել է: Արձանագրվել է մահվան 66 դեպք: «Մեր երկրի փորձը ցույց է տվել, որ պետք է ավելի ուժեղացնել կանխարգելման գործողությունները քան բուժման, և սա կարևոր է Հայաստանի համար ևս, քանի դեռ խնդիրը չի խորացել», - ասել է Աբաս Բադախշան Զոհուրին: Քննարկվել է նաև նոր կորոնիվիրուսի մասին կեղծ տեղեկատվության տարածումը և ճշգրիտ տեղեկության մատակարարման կարևորությունը: Նախարարն ընդգծել է, ստուգված տեղեկությունները կարևոր են խուճապային տրամադրությունների դեմ պայքարի գործում: Արսեն Թորոսյանն ու Աբաս Բադախշան Զոհուրին պայմանավորվել են ուղիղ կապ հաստատել Իրանի առողջապահության նախարարի հետ: «Հույս ունեմ, որ առաջիկայում ամեն ինչ կկարգավորվի և կյանքը կշարունակվի բնականոն հունով», - ասել է նախարարը: Արսեն Թորոսյանը պատրաստակամություն է հայտնել մասնագիտական առումով օգտակար լինել Իրանին, դեսպանն էլ իր հերթին առողջություն է մաղթել Հայաստանում կորոնավիրուսով վարակված հիվանդին և հույս հայտնել, որ այն կլինի միակ և վերջին դեպքը:

Նմանատիպ նյութեր