հիմնական կայք
Լրահոս

Թուրքիայում «պայթունավտանգ» իրավիճակ է

Թուրքիայում «պայթունավտանգ» իրավիճակ է Սիրիայում թուրքական ագրեսիայի և Ռուսաստանի հետ առճակատման գնալու ֆոնին, Թուրքիայում իրավիճակը գնալով լարվում է: Ռազմական տեխնիկայի և մարդկային կորուստները լուրջ մտահոգության տեղիք են տալիս: Թուրքական մեդիադաշտում շրջանառվում են 33-34 զինծառայողի մահվան մասին լուրերը, մինչդեռ արտասահմանյան լրատվամիջոցների տվյալներով, այդ թիվը գերազանցում է 100-ը:


ԱՄՆ-ն հրաժարվում է օգնություն ցուցաբերել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին: Ավելին՝ տեղեկություն կա, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վաղը հանդիպելու է թալիբների առաջնորդների հետ, ինչի արդյունքում հնարավոր է, որ նրանք Աֆղանստանում իրավիճակի կայունացման շուրջ համաձայնության գան: Սիրիայում ռազմական գործողությունների մասնակցելու պատրաստ չէ նաև հակաթուրքական Եվրոպան:

Ըստ էության, Էրդողանը քաղաքական աջակցությունը կորցնում է նաև երկրի ներսում: Քեմալականները կոչ են անում Էրդողանին ոչ թե պատերազմ մղել Ասադի դեմ, այլ նրա հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ, իսկ հանրության լայն շերտեր նրա առաջ վրեժխնդրության պահանջ են դնում: Ստացվում է՝ հասարակական տրամադրությունները հակասական են. մի կողմից դժգոհություններ կան Էրդողանի անգործությունից, մյուս կողմից էլ անիմաստ պատերազմին վերջ դնելու պահանջ: Թուրքական զինված ուժերն էլ ոգևորված չեն. յուրայինների կորուստն ու իշխանությունների անհեռանկար գործողությունները բողոքի ալիք են բարձրացնում զինծառայողների շրջանում: Որոշակի աղբյուրներից էլ տեղեկատվություն է տարածվել, թե քրդական զինված խմբավորումները պատրաստվում են ուժեղ հարված հասցնել թուրքական զորքի ուղղությամբ:

Թուրքիայի տնտեսությունը եւս այդքան էլ լավ վիճակում չէ. արտաքին և ներքին քաղաքական անկայուն վիճակը հանգեցրել է ֆոնդային բորսայի՝ 10 տոկոսով նվազմանը:

Այս ամենի ֆոնին Էրդողանը լուռ է: Փոխարենը Թուրքիայի նախագահի ընտանիքին պատկանող A-Haber News-ի մշտական մեկնաբանն է հայտարարել, թե Ռուսաստանը, որտեղ 25 միլիոն մուսուլման է ապրում, ներսից պառակտվելու է. «Թուրքիան նախկինում Ռուսաստանի հետ 16 անգամ ճակատամարտել է, այժմ էլ պատրաստ է նույնն անելու: Մեր վրեժը սարսափազդու է լինելու»,- հայտարարել է նա:

Հաշվի առնելով Թուրքիայում նման գերլարված իրավիճակը՝ կարելի է ենթադրել, որ մոտ ապագայում այն կարող է և հանգեցնել ռազմական հեղաշրջման:


Կարապետ Էրոյան

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք