211652_close_icon
views-count8814 դիտում article-date 21:56 26-02-2020

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը շուրջ կես դար անց կունենա նոր ռոյալ

«Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը այս տարի կհամալրվի երաժշտական նոր գործիքներով: Փետրվարի 26-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում կայացավ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության և «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի միջև, Ճապոնիայի կառավարության «Grassroots» մշակութային դրամաշնորհային աջակցության ծրագրով Հայաստանի պետական կամերային նվագախմբին երաժշտական գործիքների տրամադրման նախագծի համար պայմանագրի կնքման արարողությունը: Դրամաշնորհի շնորհիվ «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ն այս տարվա ընթացքում ձեռք կբերի Ճապոնական Yamaha ապրանքանիշի երաժշտական գործիքներ, այդ թվում՝ ռոյալ, տիմպանիներ, թմբուկներ, քսիլոֆոն, գլյոկենշպիլ և այլ հարվածային գործիքներ (ընդհանուր արժեքը՝ 90.896, 68 ԱՄՆ դոլար): Պայմանագիրը կնքեցին Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան և «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Նորայր Նազարյանը: Հայ-ճապոնական այս համագործակցությունն իրականություն է դարձել մեծապես Նորայր Նազարյանի ջանքերի և հետևողական աշխատանքի շնորհիվ: Գործընթացը ԿԵԱԿ տնօրենի ջանքերով մենարկել է դեռևս 2019 թվականի սկզբին: Մեծ է դեսպան Ջուն Յամադայի դերը համաձայնագրի կնքման գործում: Լինելով նաև երաժիշտ՝ դեսպանն առանձնահատուկ վերաբերմունք ունի ԿԵԱԿ երաժշտախմբերից Հայաստանի պետական կամերային նվագախմբի և գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի նկատմամբ: Պայմանագրի կնքման արարողության ժամանակ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Նորայր Նազարյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին, նշել, որ ստացվող երաժշտական գործիքները հիմնարար նշանակություն ունեն ԿԵԱԿ-ի գործունեության համար, և վստահեցրել, որ նոր գործիքների համալրումը հնարավորություն կտա ունենալ սեփական գործիքակազմ, էլ ավելի բարձր կարգի երաժիշտների հրավիրել և բարձրակարգ երկացանկ ընտրել:

Նմանատիպ նյութեր