211652_close_icon
views-count8685 դիտում article-date 15:59 25-02-2020

«Ուզում եմ վստահ լինել, որ սա չի արվում Ձեր անձնական հրահանգով». Հովհաննես Գալստյանի բաց նամակը՝ ԿԳՄՍ նախարարին

2020թ-ին ԿԳՄՍ նախարարության՝ «Միջազգային կինոփառատոներին, կինոշուկաներին եւ կինոնախագծերին մասնակցություն» կետով դրամաշնորհները հաստատվել են խտրականության սկզբունքով, ապատեղեկատվությամբ եւ կեղծ միջոցառումների հղումով: Այս մասին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին ուղղված [url=https://www.facebook.com/photo.php?fbid=10159540103829056&set=a.433284599055&type=3&theater]բաց նամակում[/url] նշել է կինոռեժիսոր, պրոդյուսեր Հովհաննես Գալստյանը: Ստորեւ ներկայացնում ենք բաց նամակն ամբողջությամբ: «Բաց նամակ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Պարոն Արայիկ Հարությունյանին - Ս.թ փետրվարի 23-ին Բեռլինի կինոփառատոնի շրջանակներում անցկացվող Եվրոպական կինոշուկայում կնքվել է «Տատիկիս վարսերը» ֆիլմի Համատեղ արտադրության պայմանագիր, որով ֆիլմի Եվրոպացի գործընկերները ստանձնել են 116 մլն ՀՀ դրամի ներդրման պարտավորություն: Մուլտիպլիկատիվ էֆեկտով այս ներդրումները կարող են հանգեցնել եւս 60 մլն դրամի ներդրման մոտ ապագայում: - «Տատիկիս վարսերը» այն ֆիլմն է, որի արտադրությունը 2 տարի առաջ ապօրինի կասեցվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի եւ ԿԳՄՍ, նախկինում՝ Մշակույթի նախարարության կինոյի պատասխանատուների կողմից: Մենք սովորել ենք աշխատել խտրական վերաբերմունքի պայմաններում, սակայն վերջերս այդ դիմակայությունը համալրվել է վտանգավոր դրսեւորումներով, որոնց վրա ցանկանում եմ հրավիրել Ձեր եւ հանրության ուշադրությունը: - Ս.թ Հունվարի 8-ին, ես դիմել եմ ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը՝ Բեռլինում անցկացվող Եվրոպական կինոշուկային մասնակցելու դրամաշնորհ ստանալու նպատակով (ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի «1056. Կինեմատոգրաֆիայի ծրագրի» «11005. Աջակցություն կինոարվեստին» բաժնի «Միջազգային կինոփառատոներին, կինոշուկաներին եւ կինոնախագծերին մասնակցություն» կետի համաձայն): - Փետրվարի 5-ին ստացել ենք ԿԳՄՍ նախարարության՝ Արայիկ Խզմալյանի ստորագրությամբ մերժումը, մասնավորապես՝ «կինոշուկայի մասնակցության համար հավելյալ միջոցներ նախատեսված չեն» հիմնավորմամբ: Մենք տեղեկացրել ենք գործընկերներին եւ ընդունել պատասխանը ի գիտություն: - Մի քանի օր անց, նախարարությունը բյուջեի նույն՝ «Միջազգային կինոփառատոներին, կինոշուկաներին եւ կինոնախագծերին մասնակցություն» կետով դրմաշնորհ է հատկացրել այլ ռեժիսորի՝ փետրվարի 21-ին, Ֆրանսիայի Մոնտելիմար քաղաքի “Գիրը՝ էկրանին” կինոփառատոնին մասնակցելու համար: Ապա, նախարարությունը մեկ այլ դրմաշնորհ է հատկացրել Եվրիմաժի ՀՀ ներկայացուցչին՝ Բեռլինի կինոփառատոնին մասնակցելու համար: - Սրանով ԿԳՄՍ նախարարությունը հաստատել է մեր հիմնավոր կասկածները, որ պայքարը մեր դեմ մեկ ֆիլմի կասեցմամբ չի սահմանափակվում։ Այն վերաճել է բոլոր ճակատներով բաց հակամարտության եւ մերժումը պետք է ընկալել այսպես՝ «Հարգելի պարոն Գալստյան, ՀՀ բյուջեում միջոցներ նախատեսված չեն բացառապես եւ միայն Ձեր մասնակցության համար»: - Հարգելի պարոն նախարար, «Տատիկիս վարսերը» ֆիլմի դեմ այս արշավը որեւէ տրամաբանական բացատրության չի դիմանում։ Սա, թերեւս պետք է ընկալել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Պետական ապարատը ամբողջ ուժով դիմադրում է առաջընթացին» դիտարկման համատեսքստում: Պատկերացրեք իրողություն, երբ Եվրոպական կինոշուկայի ՀՀ տաղավարում կնքվում է հայկական ֆիլմի Համատեղ Արտադրության Պայմանագիր: Այդ մասին գրում է Եվրոպական կինոմամուլը, դրա վրա սեւեռվում է կինոշուկայի ուշադրությունը։ Համաձայնեք՝ լավ պատկեր է։ Հիմա պատկերացրեք Բեռլինալեի վրա ահռելի միջոցներ ծախսած ՀՀ պատվիրակության վերադարձը Բեռլինից առանց որեւէ շոշափելի արդյունքի։ Համադրեք եւ կտեսնեք վարչապետի թեզի իրատեսությունը: - Այժմ վտանգների մասին: Փետրվարի 21-ին Ֆրանսիայի Մոնտելիմար քաղաքում կինոփառատոն չի անցկացվել: «Գիրը՝ էկրանին» կինոփառատոնը տեղի է ունենալու աշնանը: ԿԳՄՍ նախարարության կողմից տրված առաջին Դրամաշնորհի հիմքում դրված ծրագիրը ապատեղեկատվություն է, կեղծիք: - Բեռլինալեի օրերին Եվրիմաժը չի անցկացրել պաշտոնական հավաք, չի եղել նախագծերի քննարկում, եղել է Եվրիմաժի կոկտեյլը՝ փառատոնի մասնակիցների եւ հյուրեի համար, որին մասնակցությունը կրել է բացառապես մասնավոր բնույթ: ԿԳՄՍ նախարարությունը պետական բյուջեից հոգում է ՀՀ ներկայացուցչի աշխատավարձն ու բոլոր ծախսերը Եվրիմաժի պաշտոնական հավաքներին։ Հետեւաբար ծրագրում նշված հիմքերը ակնհայտորեն բավարար չեն մասնավոր ուղեւորության դրամաշնորհի համար: - Բեռլինալեին ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչ Արայիկ Խզմալյանի մասնակցության փաստը նույնպես տարօրինակ է: Կինոշուկաները կազմակերպվում են ինդուստրիայի ներկայացուցիչների՝ պրոդյուսերների, վաճառքի գործակալների, տարածողների համար եւ կառավարության ներկայացուցիչները կինոշուկաներում հազվադեպ են երեւում: - 2020թ-ին ԿԳՄՍ նախարարության՝ «Միջազգային կինոփառատոներին, կինոշուկաներին եւ կինոնախագծերին մասնակցություն» կետով դրամաշնորհները հաստատվել են խտրականության սկզբունքով, ապատեղեկատվությամբ եւ կեղծ միջոցառումների հղումով: Սա խոսում է կինոյի պետական կառավարման աննախադեպ մասնագիտական անկման մասին։ - Ես լիահույս եմ, որ կստանամ Ձեր արձագանքը վերոնշյալի վերաբերյալ, որպեսզի վստահ լինեմ, որ ԿԳՄՍ նախարարությունը կվերանայի քաղաքականությունը կինոյի կառավարման, դրամաշնորհների տրամադրման հարցում, ի մասնավորի, չի շարունակի խտրական վերաբերմունքը մեր ընկերության հանդեպ, որ Դուք չեք այս ամենի հովանավորը եւ սա չի արվում Ձեր անձնական հրահանգով: Հարգանքով՝ Հովհաննես Գալստյանկինոռեժիսոր, պրոդյուսեր Պարալլելս Ֆիլմպրոդաքշն կինոընկերության տնօրեն 25-02-2020, Երեւան»:

Նմանատիպ նյութեր