211652_close_icon
views-count1754 դիտում article-date 12:31 25-02-2020

Գործադիրի հեղինակած օրինագծով կամրագրվի դատավորի թեկնածուի բարեվարքության ստուգման հարցը

ՀՀ կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է դատավորի թեկնածուի հարցազրույցի ընթացքում հաշվի առնել ինքնավար մարմնի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տրված խորհրդատվական բնույթի եզրակացությունը՝ թեկնածուի բարեվարքության մասին: «[url=https://armenpress.am/arm/news/1006164.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ այս մասին փետրվարի 25-ին Ազգային ժողովում պետական-իրավական հանձնաժողովի կողմից կազմակերպված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» (Կ-428-20.12.2019-ՊԻ-011/0) և հարակից օրենքների նախագծերի փաթեթի քննարկում» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: «Օրենքի նախագծով՝ դատավորների թեկնածուների ընտրության նոր մեխանիզմներ են սահմանվել: Հարցազրույցի ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի կողմից հաշվի է առնվելու ինքնավար մարմնի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տրված խորհրդատվական բնույթի եզրակացությունը՝ թեկնածուի բարեվարքության մասին: Փաթեթը բավական լայն քննարկում է անցել: Միջազգային փորձաքննություն է անցել՝ ուղարկվել է Վենետիկի հանձնաժողովին ու ստացել դրական արձագանք»,- ասաց Բադասյանը: Արդարադատության նախարարը նշեց, որ նախագծով առաջարկվում է փոխել Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամների թիվը՝ այն դարձնելով 8 անդամից բաղկացած: Նախատեսվում է ստեղծել նաև Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողով, որը բաղկացած է լինելու 5 անդամից: «Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովը քննարկելու է դատավորների կողմից գործերի բաշխման, ողջամիտ ժամկետում քննարկման հարցերը, նիստի ընթացքում դատավորի վարքագծի հետ կապված խնդիրները, և մեկ նորամուծություն կա, որ, եթե հայտնաբերվում է նյութական կամ դատավարական օրենքի դիտավորյալ կամ կոպիտ անփութությամբ խախտում, ապա այդ դեպքով կարող է Գնահատման հանձնաժողովը դիմել Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով՝ վարույթ հարուցելու հարցը քննարկելու համար»,- նշեց Արդարադատության նախարարը: «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի հեղինակը ՀՀ կառավարությունն է:

Նմանատիպ նյութեր