211652_close_icon
views-count6977 դիտում article-date 11:27 19-02-2020

Փետրվարի 19-ին լրացավ հայ սպա Գուրգեն Մարգարյանի դաժան սպանության 16-րդ տարելիցը

Փետրվարի 19-ին լրանում է լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի սպանության 16-րդ տարելիցը: Հայ սպան 2004 թվականի հունվարի 11-ից Բուդապեշտում մասնակցում էր ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» անգլիալեզու ուսումնական դասընթացներին, իսկ փետրվարի 19-ին քնած ժամանակ կացնի 16 հարված է ստանում դեմքին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից: Գուրգեն Մարգարյանի հետ նույն սենյակում բնակվող Քութի Բալաշը հետո պատմել է. «Երեկոյան ինքը թեյել է, գնացել քնելու, Գուրգենը շարունակել է պարապել, ապա 21:30-ի սահմաններում գնացել է հայաստանցի մեկ այլ սպայի՝ Հայկ Մակուչյանի սենյակը: Թե երբ է վերադարձել, հունգարացին չի զգացել, միայն առավոտյան կողմ զգացել է, որ ինչ որ մեկը վառել է լույսը: Մտածել է՝ Գուրգենն է, հետո լսելով խլացված ձայներ` շրջվել է, ու տեսել ադրբեջանցուն՝ Ռամիլ Սաֆարովին, մեծ կացինը ձեռքին կանգնած Մարգարյանի անկողնու մոտ։ «Այդ ժամանակ ես հասկացա, ինչ-որ սարսափելի բան է տեղի ունեցել: Չորս բոլորը արյուն էր: Ես սկսեցի գոռալ, որ ադրբեջանցին դադարեցնի իր գործը: Նա ասաց, որ ինձ հետ խնդիր չունի և ինձ չի վնասի: Նրա դեմքի արտահայտությունը ուրախ էր, կարծես թե կարևոր գործ էր վերջացրել: Ես շոկի մեջ էի, վազեցի դուրս օգնություն կանչելու, Ռամիլը գնաց ուրիշ ուղղությամբ» - պատմել է հունգարացին»: Սպանությունից անմիջապես հետո ադրբեջանցին գնում է մյուս հայ սպայի սենյակը՝ ցանկանալով նրան նույնպես սպանել։ Միջանցքում նա հանդիպել է աղմուկի վրա դուրս եկած ուզբեկ սպային, ադրբեջանցին նրան առաջարկել է միասին գնալ և սպանել երկրորդ հայ սպային։ Ուզբեկը փորձել է հանգստացնել մարդասպանին, բայց նրան չի հաջողվել հանդարտեցնել։ Ռամիլը արյունոտ կացինը ձեռքին մոտեցել է Մակուչյանի սենյակին, սակայն դուռը փակ է եղել։ Չկարողանալով կոտրել դուռը, նա սկսել է բարձր ձայնով վանկարկել Մակուչյանի անունը։ Կիսաքնած Մակուչյանը մոտեցել է դռանը, որպեսզի բացեր դուռը, բայց իր սենյակում ապրող Լիտվայի ներկայացուցիչը, ով երեկոյան փակել էր սենյակի դուռը, երկրորդ անգամ է փրկում հայ սպայի կյանքը: Ռամիլ Սաֆարովի դատավարությունն անցել է Հունգարիայում։ Դատարանում Սաֆարովի պաշտպանությունը նրա գործողությունների խթան էր համարում Սաֆարովի վրա ղարաբաղյան պատերազմի իրադարձությունների հետքերը։ Դատարանի կողմից անցկացված բժշկական փորձաքննությունը նրան մեղսունակ ճանաչեց։ Դատարանը Սաֆարովին դատապարտեց ցմահ բանտարկության՝ առաջին 30 տարում առանց համաներման իրավունքի։ Դատավորն իր որոշումը բացատրեց Սաֆարովի կատարած հանցագործության առավել դաժանությամբ և նրանով, որ Սաֆարովն այդպես էլ չգիտակցեց իր գործողությունները: 2012 թվականի օգոստոսի 31-ին Սաֆարովի հանձնվեց Ադրբեջանին՝ հետագա պատիժն այնտեղ կրելու համար, և նույն օրն էլ ներում շնորհվեց Իլհամ Ալիևի կողմից, բնակարան նվեր ստացավ և կոչումը բարձրացվեց մինչ մայոր՝ 8 տարվա աշխատավարձի վճարումով, որոնք նա անցկացրել էր անազատության մեջ։ Տվյալ որոշումը հանգեցրեց Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների խզման: Գ. Մարգարյանի սպանության կապակցությամբ իրենց ցավակցությունները հայտնեցին օտարերկրյա պետություններ և քաղաքական գործիչներ։ Երևանում Գուրգեն Մարգարյանի անունը կրող դպրոց և հասարակական կազմակերպություն կա: Նրա անվան պուրակում տեղադրվել է հուշարձան: Նրա աճյունը հողին է հանձնվել Եռաբլուր զինվորական պանթեոնում։

Նմանատիպ նյութեր