211652_close_icon
views-count3906 դիտում article-date 10:28 18-02-2020

Կոռեկտ չեմ համարում հրապարակային խոսել հայկական կողմի բացթողումների մասին. Գևորգ Կոստանյան․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Շաբաթ օրը Գերմանիայի Մյունխեն քաղաքում տեղի ունեցած Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև բանակցությունները շարունակում են լայն քննարկման թեմա մնալ ինչպես ՀՀ-ում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: ՀՀ վարչապետը քննադատվում է թույլ փաստարկներով խոսելու համար: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին ներկայացուցիչ, նախկին դատախազ Գևորգ Կոստանյանի հետ` հետաքրքրվելով՝ որպես Արցախյան հիմնահարցի իրավական հատվածից ամենատեղեկացված մարդկանցից մեկը՝ ի՞նչ փաստարկներ պետք է ներկայացվեին մյունխենյան քննարկման ժամանակ, որ չարվեցին: «Կոռեկտ չեմ համարում հրապարակային խոսել հայկական կողմի բացթողումների մասին:- ասաց Կոստանյանը` շարունակելով,- Ինչ վերաբերում է փաստարկներին, որոնք անպայման պետք է ապագայում ներկայացնել Ադրբեջանին, բազմազան են: Օրինակ` բառացիորեն վերջերս՝ հունվարի 30-ին, Եվրոպական դատարանը հրապարակեց Ադրբեջանի դեմ իր վճիռը՝ Մանվել Սարիբեկյանի վերաբերյալ: Այս գործով, որպես պետության ներկայացուցիչ, ես ներկայացրել եմ Հայաստանը որպես երրորդ կողմ: Դատարանը այս գործով հստակ արձանագրեց, որ մեր հայ տղան Ադրբեջանում խոշտանգվել, սպանվել է, և դրա համար պատասխանատու է Ադրբեջանի իշխանությունը: Սա Մարդու իրավունքների միջազգային դատարանի կողմից հաստատված մի զորեղ փաստարկ է, որը պետք է որպես ապտակ օգտագործել բոլոր այն դեպքերում, երբ Ադրբեջանի որևէ պաշտոնյա, ներառյալ նախագահը, իրեն թույլ կտա ասել, թե Ադրբեջանում հայերը կարող են հանգիստ և ապահով ապրել, ինչպես մնացած բոլոր ազգային փոքրամասնությունները»: Ըստ Գևորգ Կոստանյանի՝ կան բազմաթիվ այլ փաստեր՝ հաստատված միջազգային տարբեր կառույցների կողմից, որոնք վերաբերում են Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի, Մարաղայի և այլ հանցագործություններին, որոնք բազմիցս մեր կողմից ներկայացվել են իրավական գործընթացներում և պետք է օգտագործվեն նաև քաղաքական համատեքստում: Հավելենք, որ առաջիկայում նաև լինելու է Ռամիլ Սաֆարովի կողմից կացնահարված հայ սպա Գուրգեն Մարգարյանի մասով ՄԻԵԴ դատավճիռը, որի ներկայացուցիչը ևս եղել է Գևորգ Կոստանյանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր