211652_close_icon
views-count3198 դիտում article-date 22:14 13-02-2020

Հայտնի են Դրեյփերի համալսարանում սովորելու մեկնող հաղթողները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Դրեյփերի համալսարանում պետական կրթաթոշակով սովորելու համար հայտարարված մրցույթի արդյունքներն արդեն հայտնի են: Սա ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված կրթական ծրագրերից մեկն է, որը հնարավորություն կտա հայ ձեռնարկատերերին սովորել Սիլիկոնյան հովտի հեղինակավոր կրթական կենտրոններից մեկում՝ Դրեյփերի համալսարանում: Փետրվարի 13-ին ՀԲԸՄ դահլիճում տեղի է ունեցել ծրագրի՝ գարնանը համալսարանում ուսանելու հաղթողների ընտրության եզրափակիչ փուլը: Նույն օրը համագործակցության պայմանագիր է ստորագրվել ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարարության և Դրեյփերի համալսարանի միջև, որը նախատեսում է մի շարք համատեղ ծրագրերի իրականացում: Պայմանագրի ստորագրմանը նախորդել է սեպտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի ընթացքում հուշագրի ստորագրման արարողությունը: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել բոլոր մասնակիցներին և Դրեյփերի համալսարանի ներկայացուցիչներին՝ համալսարանի նախագահի գլխավորությամբ, որոնք այս օրերին Հայաստան են ժամանել մրցույթի եզրափակիչ փուլին ներկա գտնվելու և հաղթողներին ընտրելու համար: Ողջունելով ներկաներին՝ Հակոբ Արշակյանն անդրադարձել է Դրեյփերի համալսարանի նախագահի հետ հանդիպման մանրամասներին: «Հայ ինժեներների պատասխանատվությունը կարեւոր առանձնահատկություն է. եթե հայերը մի բան ասում են, որ կանեն, ուրեմն՝ անում են: Եվ դա անում են ժամանակին եւ մեծագույն պատասխանատվությամբ: Սա կարեւոր, բացառիկ հատկանիշ է, որի մասին աշխարհում խոսում են, և խոսում են այնպիսի մարդիկ, ինչպիսին Դրեյփերի համալսարանի նախագահն է: Դա նշանակում է, որ շատ շատերը Հայաստանն ընտրելու են, որովհետեւ մենք պատասխանատու ենք»,-ընդգծել է նախարարը: Դրեյփերի համալսարանի նախագահ Ասրա Նադիմը շնորհակալություն է հայտնել բարձր տեխնոարդյունաբերության նախարարությանն արդյունավետ համագործակցության համար: «Սովորաբար պետական կառավարման մարմինների հետ աշխատանքը շատ երկար է տևում, սակայն Հայաստանի հետ համագործակցությունը բավականին արագ ստացվեց: Սա, կարելի է ասել, կառավարության հետ համատեղ ամենաարագ իրականացված ծրագիրն է մեր պրակտիկայում: Ես անչափ ուրախ եմ, որ մենք միասին ստեղծում ենք Հայաստանի և Սիլիկոնյան հովտի միջև այս կամուրջը՝ ոգևորելու և ոգեշնչելու մարդկանց, որպեսզի հիմնեն ընկերություններ և զարգացնեն իրենց միջավայրը»,- նշել է նա: Դրեյփերի համալսարանում սովորելու պետական կրթաթոշակ ստանալու համար ստացվել էր 109 հայտ, որոնցից 5-ը՝ «ForestGuard», «eSwap», «Yolo», «OORES», «ForheFiction», արժանացան հաղթողի կոչման: Եվս 3 գաղափարի հեղինակի հաճելի անակնկալ էր սպասվում Դրեյփերի համալսարանի կողմից. «Robin», «Cerebrus», «Garoon» ծրագրերի հեղինակները ստացան կրթաթոշակի մասնակի փոխհատուցում համալսարանի ներկայացուցիչների կողմից: Հակոբ Արշակյանը շնորհավորել է բոլոր հաղթողներին և հիշեցրել, որ այս տարի Դրեյփերի համալսարանում սովորելու համար եւս 2 անգամ մրցույթ կհայտարարվի: Մեկ այլ ծրագրով 30 հայ ձեռնարկատեր կմեկնի Սիլիկոնյան հովիտ՝ ձեռնարկատիրական դասընթացների մասնակցելու: Այս տարի կբացվի նաև հայ ձեռնարկատերերի մշտական ներկայացուցչությունը Սիլիկոնյան հովտում, որը կհամախմբի ոլորտի հայ մասնագետներին Հայաստանի սահմաններից դուրս: [b]ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր