211652_close_icon
views-count1899 դիտում article-date 10:36 13-02-2020

Եվրոպական կողմի հետ բանակցելու բեռն իր ուսերին է վերցրել կրկին վարչապետը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Փետրվարի 5-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը խորհրդարանում հանդիպել էր Հայաստանում ԵԱՀԿ և ԵԽ անդամ երկրների հավատարմագրված դեսպանների հետ՝ քննարկելու ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ առկա իրավիճակը: Սակայն, ըստ էության, նրա հանդիպումն անցել է անարդյունք. ԱԺ նախագահը չի կարողացել փաստարկներ բերել, բացատրել կամ համոզել դեսպաններին: Եվ ԱԺ նախագահի «ձախողումը» հերթական անգամ կոծկելու համար դեսպանների հետ անհրաժեշտ համարեց հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Բանն այն է, որ երեկ էլ նա է կառավարությունում հանդիպել Հայաստանում ԵԱՀԿ անդամ երկրների հավատարմագրված դեսպանների հետ: Եվ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում կրկին անդրադարձ է եղել Սահմանադրական դատարանի վիճակին, և, ինչպես ասված է հաղորդագրությունում, վարչապետը մանրամասն անդրադարձել է Սահմանադրական դատարանի շուրջ առկա իրավիճակին, Սահմանադրության փոփոխությունների առաջիկա հանրաքվեին, այն անցկացնելու հանգամանքներին: Եվ ուշագրավ է, որ այս հանդիպմանը խորհրդարանից ներկա են եղել միայն Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Վերջինս «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մեկնաբանեց, թե իրենք են հրավիրված եղել այդ հանդիպմանը: Ստացվում է՝ անգամ Արարատ Միրզոյանը չի հրավիրվել այդ հանդիպմանը: Նկատենք, որ առաջին անգամ չէ՝ երբ քաղաքական օրակարգում են Սահմանադրական դատարանի հետ կապված հարցերը, վարչապետը հանդիպում կամ հեռախոսազրույց է ունենում եվրոպական կողմի հետ։ Դրանից առաջ էլ՝ փետրվարի 3-ին, հայկական կողմի նախաձեռնությամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, ինչին հաջորդեց ԵԽԽՎ համազեկուցողների կողմից հայտնի հայտարարությունը։ Եվ այդ անգամ ևս, ըստ էության, բանակցելու բեռն իր ուսերին վերցրեց ՀՀ վարչապետը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր