211652_close_icon
views-count3301 դիտում article-date 16:46 10-02-2020

ԵԱՀԿ-ի դիտորդները բազմաթիվ խախտումներ են արձանագրել Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններում

Փետրվարի 9-ին Ադրբեջանի խորհրդարանի արտահերթ ընտրություններում իրական մրցակցություն չի եղել, չնայած մեծ թվով թեկնածուների առկայությանը: Ինչպես հաղորդում է Tass-ը, նման հայտարարությամբ են այսօր՝ փետրվարի 10-ին, հանդես եկել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Դեմոկրատական ինստիտուտների և մարդու իրավունքների բյուրոյից դիտորդական առաքելության ներկայացուցիչները։ Դիտորդները հայտարարել են, որ բազմաթիվ խախտումներ են ի հայտ բերել ընտրություններում, ինչը ստիպում է իրենց կասկածել դրանց թափանցիկությանը: Բացի այդ, առանձին դեպքերում ճնշում է գործադրվել ընտրողների վրա: Դիտորդների առաքելության ներկայացուցիչները նաև նշում են, որ կայացած ընտրություններում տարբեր մակարդակների ընտրական հանձնաժողովների աշխատանքը թափանցիկ էր դիտորդների համար, սակայն չկարողացավ ապահովել ազատ դեմոկրատական ընտրությունների անցկացումը: «Ձայների հաշվարկման ընթացակարգը հիասթափեցրեց մեզ»,-ասված է առաքելության հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին կայացած արտահերթ ընտրություններում Ադրբեջանի միապալատ խորհրդարանի 125 տեղին հավակնում էր 1314 թեկնածու: Ընտրություններին հավատարմագրված էր 59 միջազգային կազմակերպություններ ներկայացնող 883 դիտորդ: Նախնական տվյալների համաձայն՝ «Ենի Ազերբայջան» իշխող կուսակցությունը, որը գլխավորում է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը, առավել մեծ թվով մանդատներ է ստանում օրենսդիր մարմնում:

Նմանատիպ նյութեր