211652_close_icon
views-count2799 դիտում article-date 19:07 29-01-2020

ՀՔԱՎ. Շուշիի բանտում բռնությունների մասին հաղորդումը 2 ամիս է, չի քննարկվել ՀՀ գլխավոր դատախազությունում

Շուշի քրեակատարողական հիմնարկի նախկին դատապարտյալների՝ ՔԿՀ-ում բռնությունների ենթարկվելու մասին հայտարարությունների հիման վրա ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դեռևս 2019 թ․ դեկտեմբերի 4-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին։ Շուրջ 2 ամիս է անցել, բայց ՀՀ գլխավոր դատախազությունը բավարարվել է Արցախի գլխավոր դատախազություն այդ հարցով հարցում ուղարկելով։ Մինչդեռ Շուշի ՔԿՀ-ում պատիժը կրած Ռոման Բաբայանը «Հետքում», իսկ Տիգրան Օհանջանյանը՝ «Սիվիլնեթի» հետ զրույցում պատմել են ՔԿՀ վարչակազմի ապօրինությունների, դատապարտյալների նկատմամբ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, բռնությունների ու խոշտանգումների մասին։ ՀՀ գլխավոր դատախազությունը պետք է հաղորդումը անհապաղ քննարկեր և տասնօրյա ժամկետում Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված որոշում կայացներ։ Երկու դեպքում էլ խոսքը վերաբերում էր ՀՀ քաղաքացիների նկատմամբ տարիներ շարունակ իրականացված դաժան և անմարդկային վերաբերմունքի կանխարգելմանն ու այդ արատավոր երևույթի դեմ պայքարին։ Արցախի գլխավոր դատախազություն հարցում ուղարկելու մասին տեղեկանալուց հետո ՀՔԱՎ-ը 2019 թ․ դեկտեմբերի 27-ին երկրորդ անգամ դիմեց ՀՀ գլխավոր դատախազին՝ հասկանալու համար, թե ՀՀ օրենսդրության որ դրույթով է առաջնորդվել ՀՀ գլխավոր դատախազությունը՝ հանցագործության մասին հաղորդումը անհապաղ քննարկելու փոխարեն Արցախի դատախազություն հարցում ուղարկելիս։ 2020 թ․ հունվարի 13-ին թվագրված գրությամբ ՀՀ գլխավոր դատախազությունից պատասխանել են, որ ՀՀ քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի համաձայն՝ Արցախի քաղաքացիները ՀՀ-ում կարող են պատասխանատվության ենթարկվել այն դեպքում, եթե Արցախում չեն ենթարկվել։ Եվ հենց դա ճշտելու համար են հարցում ուղարկել Արցախի դատախազություն։ Փաստորեն ՀՀ գլխավոր դատախազությունը խոշտանգումից և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի հնարավոր խախտման դեպքով անհապաղ քննություն իրականացնելու փոխարեն բավարարվել է Արցախի գլխավոր դատախազություն հարցում ուղարկելով և արդեն 1,5 ամիս «համբերատար» սպասում է պատասխանի։ Տեղեկություն չկա նաև այն մասին, թե ինչու է Արցախի գլխավոր դատախազությունն ուշացնում պատասխանը։

Նմանատիպ նյութեր