211652_close_icon
views-count6936 դիտում article-date 15:41 25-01-2020

Վարչապետը պարզաբանեց, թե երբ կնշանակվեն ԱԱԾ տնօրենն ու ոստիկանության պետը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համարում է, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը և ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն իրենց կատարած աշխատանքով արդարացրել են իրենց: «[url=https://armenpress.am/arm/news/1002671.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանը հայտնեց հունվարի 25-ին Կապանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում, անդրադառնալով այն հարցին, թե երբ է պատրաստվում նշանակումներ անել ԱԱԾ տնօրենի և ոստիկանության պետի պաշտոններում: «Այդպիսի ավանդույթ կա և' ոստիկանությունում, և' Ազգային անվտանգության ծառայությունում` եթե որևէ մեկը նշանակվում է տնօրենի կամ պետի ժամանակավոր պաշտոնակատար, նրանք, սովորաբար, պաշտոնակատար լինելու ընթացքում աշխատում են տեղակալի աշխատասենյակում: Երբ ես Էդուարդ Մարտիրոսյանին և Արման Սարգսյանին նշանակել եմ, համապատասխանաբար, ԱԱԾ տնօրենի և ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ես ինքս անձամբ երկուսին էլ ուղեկցել եմ ԱԱԾ տնօրենի և ոստիկանության պետի աշխատասենյակներ, դուռը բացել եմ, և ասել, որ կաշխատեք այստեղից: Ես ասել եմ, որ ձեզ ժամանակավոր պաշտոնակատար նշանակելով հիմա չեմ գնալու այլ թեկնածու փնտրելու: Ասել եմ, որ իմ բաժին որոշումը կայացրել եմ, հիմա դուք պետք է 6 ամսում կայացնեք ձեր բաժին որոշումը»,- ասաց Փաշինյանը: Վարչապետը հավելեց, որ այս պահի դրությամբ երկու պաշտոնյաներն արդարացրել են իրենց, բայց դա չի նշանակում, որ նա անթերի է համարում այդ երկու կառույցների աշխատանքը: «Մինչև մարտ ամիս այդ կարգավիճակում լինելու ժամանակ կա, և այդ ժամկետում որոշումներ կկայացվեն»,- նշեց վարչապետը: 2019թ. սեպտեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Էդուարդ Մարտիրոսյանին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող նշանակելու մասին: ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար է նշանակվել Արման Սարգսյանը:

Նմանատիպ նյութեր